‘Խմբագրական. Սերժիկ Սարգսյանի հեռացմանն այլընտրանք չկա’

2424

Ամեն ինչ ձանձրալիորեն նույնն է Հայաստանի քաղաքական «արեւի» տակ: Իշխանությունները շարունակում են «հաճախորդներ» հավաքագրել, «հաճախորդները» շարունակում են «դիմակազերծ անել» իշխանություններին անհանգստացնող ընդդիմադիր ուժերին, երկուսուկես հոգանոց կուսակցությունների ղեկավարները ժամանակ առ ժամանակ քաղցր նինջից դուրս են գալիս, ասում իրենց «տղամարդկային» խոսքն ու նորից գնում քնելու, «արեւմտամետներն» անխնա եւ անձնազոհաբար քննադատում են Պուտինին, եւ այս ողջ շիլաշփոթի մեջ, այսպես ասենք` ամենատարօրինակ պնդումը կա եւ շարունակում է մնալ այս նույն «արեւմտամետ» թաղերից հնչող այն «հիմնավորումը», թե իշխանափոխության հասնելու համար ինչու՛ չի կարելի աջակցել եռյակին: Այսպես կոչված` «հիմնավորումը» սա է. եթե այդ ընդդիմությունը նույնպե՛ս դեմ չէ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը, ապա` ի՞նչ կարիք կա Հայաստանը հենց այդ նույն ԵՏՄ-ի դուռը հասցրած Սերժիկ Սարգսյանի հրաժարականը պահանջելու, ի՞նչ տարբերություն ներկա իշխանության եւ իշխանափոխության ձգտող ընդդիմադիր ուժի միջեւ:

Նման «անխոցելի» պնդման հեղինակները եթե մինչ ԵՏՄ-ի խնդրի ի հայտ գալը գոհ էին այս իշխանությունների գործունեությունից, այսինքն` Մարտի 1-ի արյունահեղությունը, կոռուպցիայի կատաղի թափը, արդարադատության ողբալի վիճակը, արտագաղթի ահռելի չափերը, մի խումբ հղփացածների ֆոնին` Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մասի թշվառությունը ծիծաղելի պատճառաբանություններ էին իշխանափոխություն պահանջելու համար, քանի որ Սերժիկ Սարգսյանը մի քանի տարի շարունակ արեւմուտքի հետ խաղեր էր տալիս, ասել է թե` «արեւմտամետ» էր, սրանց անդրադառնալ ընդհանրապես չարժե: Խեղճ արեւմտյան արժեքներ, եթե սրանք են իրենց նվիրյալները:

Խոսքս այն մարդկանց է ուղղված, որոնք տարիներ շարունակ պայքարել են այս իշխանությունների դեմ կամ ձեւացրել են, թե պայքարում են, կամ` գոնե դժգոհել են կողքից, կամ էլ` լուռ  սպասել ու հուսացել են, որ իրենց փոխարեն ուրիշները կազատեն երկիրը ներկա ավազակախմբից` անկախ այն բանից` Հայաստանի հանցագործ իշխանությունները երկիրը կործանում են «արեւմտամետի» կեպի՞ քաշած գլխներին, թե՞ «ռուսամետի» փափախ:

Ինչքանով է արդարացված կամ անընդունելի այս պահին Հայաստանում միակ կարող ուժ ընդդիմադիրների որդեգրած կեցվածքը` կյանքը ցույց կտա: Սակայն, ուզում ենք, թե չենք ուզում` ա՛յս ընդդիմությունն է կարողանում համախմբել հասարակությանն իր շուրջը, ա՛յս ընդդիմությունն է հույս ներշնչում, որ իշխանափոխություն հնարավոր է: Մնացած փոքր ու միջին ուժերն առայժմ զբաղված են անորոշ ապագայում «մին կզարկենք, ջարդենք հազար» խոստումներ օդ արտանետելով, իսկ թե այդ ապագան երբ ներկա կդառնա` ո՛չ այդ ուժերն են որոշակիացնում, ոչ էլ հասարակությունն է նշաններ ցույց տալիս, որ իր սպասելիքները կապում է այդ ուժերի հետ:

Այս իրավիճակում անգամ պարզունակ տրամաբանությունն է հուշում, որ անկախ այն բանից` կողմ ենք, թե դեմ ԵՏՄ-ին անդամակցությանը, ներկա հանցագործ իշխանություններից երկիրն ազատելն օրախնդիր է եւ քննարկման ենթակա չէ: Եվ նրանց, ովքեր հայտ են ներկայացրել իշխանափոխության, պետք է աջակցել` անկախ այդ ուժերի նկատմամբ համակրանքի կամ հակակրանքի չափից:

Երբ կհասնենք իշխանափոխության, եւ հնարավոր կդառնա ազատ եւ արդար ընտրություններ անցկացնել, այս նույն «արեւմտամետները» կարող են համախմբվել ու հավասար նախընտրական պայքարի ընթացքում բացատրել Հայաստանի քաղաքացիներին, թե ինչ վտանգներ է պարունակում ԵՏՄ-ի հետ նույն ճանապարհով գնալը: Եթե նույնիսկ այդքանից հետո հասարակությունը նախընտրի, այսպես ասած, ԵՏՄ-ական ուժերին, ի՞նչ արած… «Արեւմտամետներից» ավելի լավ` է՞լ ովքեր գիտեն հասարակության քվեի արժեքը:

Եվ այսպես` մեկ տարբերակ կա: Հասարակությունը կընտրի նոր իշխանություն, եւ նրանք, ովքեր այլ ուժի կցանկանային տեսնել երկրի ղեկին, թեւերը կքշտեն ու կսկսեն պայքարել այս նոր իշխանության դեմ, որն իրենց սրտով չէ, բայց, ցավոք, այս փուլում չհաջողվեց իրենց սրտի ուզած մարդկանց իշխանավոր դարձնել: Ի զորու կլինե՞ն` տարիների ընթացքում հասարակությանը համոզել, որ սխալ ընտրություն է կատարել, ուրեմն` հաջորդ իշխանությունը կլինի «արեւմտամետ»: Ի զորու չեն լինի, ինչպես ժողովուրդն է ասում` մեղքն իրենց վիզը:

Բոլո՛ր պարագաներում` իրենց ընդդիմադիր հռչակած փոքր ու միջին ուժերի պայքարն ընդդեմ մեկ այլ ընդդիմադիր ուժի, որը ծանրակշիռ հայտ է ներկայացրել իշխանափոխության, նշանակում է մեկ բան` այս մարդիկ բղավում են, որ Սերժիկ Սարգսյանն ու իր հանցախումբը պետք է հեռանան, բայց ամեն ինչ անում են, որ չհեռանան:

Ինչո՞ւ: 

Ամենահիմնավոր թվացող պատճառաբանությունն անգամ փուչիկի պես պայթում է` հենց հիշում ենք, թե ովքեր են այսօր որոշում Հայաստանի ճակատագիրը:

Լիզա Ճաղարյան 

Նախորդ հոդվածը‘Արթուր Գրիգորյան. Քաղաքական որոշման տրամաբանությունը’
Հաջորդ հոդվածը‘Այսօր մեկնարկող քառօրյայի օրակարգում ԵՏՄ-ի պայմանագիրն է և բյուջեն (ուղիղ)’