‘Խմբագրական. Քաղաքական իրավիճակների տիպաբանություն’

2646

Որքան էլ արտաքուստ տարբերվեն այլեւայլ երկրների ու այլեւայլ ժամանակների քաղաքական իրավիճակներն իրարից, որքան էլ յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակ ուրույն եւ անկրկնելի լինի, եւ որքան էլ կարեւոր են այդ տարբերությունները եւ ուրույնությունները, այնուամենայնիվ, տիպաբանորեն բոլորն էլ կարելի է բաժանել ընդամենը մի քանի տարբերակի՝ ամեն մեկն իրեն բնորոշ օրինաչափություններով: Այս դասակարգումն, առաջին հայացքից, զուտ տեսական հետաքրքրություն ունի, սակայն իրականում կարեւոր է նաեւ գործնական տեսակետից, քանի որ պետք է օգնի ազատվել հայաստանյան քաղաքական քննարկումներում տիրող խառնաշփոթից:

Ըստ ընդդիմադիր քաղաքականություն վարելու հնարավորության եւ դրա ձեւերի՝ կարող ենք առանձնացնել քաղաքական իրավիճակների մոտավորապես 4 տիպ, որոնցից մեկը բնորոշ է մեր այսօրվան, իսկ մյուսներն օգնում են ավելի հստակ հասկանալ նույն մեր այսօրվա համար կարելին ու անկարելին:

ա. Առաջինը ստալինյան տիպի տոտալիտար համակարգն է: Սրանում հասարակական կյանքն այն աստիճան վերահսկելի է, որ իշխող խմբին որեւէ այլընտրանքային կազմակերպման մասին երազելն իսկ ավելորդ է: Գուցե միայն անհատական ահաբեկչությունն է հնարավոր, բայց նույնիսկ դա խնդրահարույց է:

բ. Հետստալինյան սովետական համակարգ, որը թեեւ պահպանում է իր ամբողջատիրական բնույթը, սակայն մի փոքր ավելի ազատության հնարավորություն է տալիս հասարակությանը: Սա ոչ այնքան իշխանության բարի ցանկության, որքան այն բանի հետեւանքն էր, որ ստալինյան տիպի գերկոշտ համակարգերը պարզապես շատ մեծ ջանք եւ ռեսուրս պահանջող են՝ գրեթե անհնարին է դրանք տասնամյակներով պահպանել:

Կարեւոր է, որ այն պահից, երբ սովետական հասարակությունը Ստալինի մահվանից հետո ստացավ ազատության նվազագույն, չնչին չափն իսկ, անմիջապես առաջացան իշխանությանն այլընտրանքային հոսանքներ եւ խմբեր (թեկուզեւ՝ շատ սահմանափակ եւ փոքրաքանակ, տվյալ դեպքում դա  էական չէ): Այսինքն՝ մի քանի ալիք զանգվածային քաղաքական զտումների ենթարկված սովետական հասարակության մեջ, միեւնույն է, առաջին իսկ հնարավորության դեպքում ի հայտ եկան այլընտրանքային տրամադրություններ:

Մեր շարադրանքի տեսակետից հատկապես կարեւոր է հետեւյալը: Հետստալինյան մի փոքր ազատագրված ամբողջատիրության դեպքում իշխանությանը միակ հնարավոր այլընտրանքը ոչ թե բուն իմաստով քաղաքական էր, այլ այլախոհական: Այլախոհական եւ բուն քաղաքական գործունեությունը կարեւոր է տարբերակել՝ հասկանալու համար նաեւ այսօր Հայաստանում ընթացող հասարակական բանավեճի նրբությունները:

Քաղաքական է այնպիսի գործողությունը, որն իր առջեւ կարող է դնել դրական, այսինքն՝ հասանելի եւ իրագործելի նպատակներ (իրագործելի ասելով՝ նկատի ունեմ, որ նպատակը, գոնե այն դնողների տեսակետից, իրագործելի է համարվում): Սովետական Միությունում խոսք չէր կարող լինել ոչ միայն սովետական իշխանության տապալման, այլեւ շատ ավելի համեստ այլընտրանքային քաղաքական նպատակների մասին: Այս պայմաններում հասարակական այլընտրանքն օրինաչափորեն դրսեւորվեց այլախոհական ձեւաչափով: Այլախոհությունը, բառիս բուն իմաստով, քաղաքական չէ, այլ ավելի առնչվում է իրավունքի եւ բարոյականության հետ: Սովետական այլախոհները չէին կարծում, թե իրենք կարող են փոխել սովետական քաղաքական համակարգը: Այլախոհական պայքարն ընթանում էր հիմնականում իրավական ոլորտում՝ պահանջ էր դրվում իրագործել սովետակա՛ն իսկ սահմանադրության դրույթները՝ խոսքի եւ հավաքների ազատություն, ինքնորոշման իրավունք եւ այլն:

Պատահական չէ, որ ՍՍՀՄ փլուզմամբ, չնայած հետսովետական տարածքի մեծ մասում հասարակությունները լիարժեք ազատություն չստացան, եւ պետությունների մեծ մասում հաստատվեցին բռնապետական կարգեր, սակայն այլախոհությունը, որպես ձեւաչափ՝ վերացավ ասպարեզից, քանի որ նոր՝ հետսովետական հասարակությունների մեծ մասում հնարավորություն ստեղծվեց զուտ քաղաքական կազմակերպման եւ պայքարի՝ թեկուզ եւ սահմանափակ տարբերակի:

Մեզ համար այլախոհության եւ քաղաքականության տարբերակումն այսօր կարեւոր է, որովհետեւ շատ հաճախ կարող ենք հանդիպել մի մոտեցման, որի պատկերացմամբ՝ քաղաքական ընդդիմությունը մի ձեւաչափ է, որը, պատկերավոր ասած՝ բոլոր «լավ բաներին կողմ պիտի լինի, եւ բոլոր վատ բաներին՝ դեմ»: Կամ որ այն պետք է իր քաղաքական այս պահի ծրագրի մեջ ընդգրկի նաեւ այնպիսի պահանջներ, որոնք, նույնիսկ այդ կարգախոսներն առաջարկողները համաձայն են՝ անիրագործելի են, որքան էլ տեսականորեն ճիշտ լինեն: Բայց սա այլախոհության եւ քաղաքականության տիպիկ շփոթ է:

Որեւէ իրականություն, որն իմ ազդեցությունից դուրս է, որը ես չեմ կարող փոխել, չի կարող ձեւակերպվել որպես քաղաքական նպատակ: Հակառակը՝ այլախոհական դիրքերից միշտ էլ կարելի է սկզբունքորեն դեմ արտահայտվել այս կամ այն իրողությանը՝ անկախ դրա վրա իրական ազդեցություն կամ դա փոփոխելու կարողություն ունենալու հնարավորությունից: Սակայն նման դիրք բռնելու համար հարկավոր է հրաժարվել քաղաքականությունից, այսինքն՝ որեւէ իրագործելի նպատակ դնելու եւ դրա համար պայքարելու դիրքորոշումից: Իսկ դա էլ, իր հերթին, հնարավոր է եւ իմաստ ունի միայն այն խմբերի եւ անհատների համար, որոնք համարում են, որ այլեւս որեւէ էական բան փոխելու իրենց կարողությունը սպառվել է:

Ամեն դեպքում, պարզ է նաեւ, որ այլախոհությունը չի կարող զանգվածային բնույթ կրել: Այլախոհությունը նաեւ կարիք չունի նույնիսկ հարյուրավոր կամ հազարավոր մարդկանց ընդգրկող կազմակերպությունների՝ կուսակցությունների կամ էլ զանգվածային գործողությունների եւ այլն: Այլախոհական խմբերը միշտ էլ չնչին փոքրամասնություն են տվյալ հասարակությունում:

գ. Քաղաքական իրավիճակներ տիպաբանության մյուս տարբերակն այսօրվա աշխարհի տեսակետից դասական համարվող արեւմտյան դեմոկրատիաների համակարգն է: Հենց այս համակարգին է բնորոշ քաղաքական պայքարի այն ձեւը, որն օրինակելի է համարվում այսօր՝ տարբեր գաղափարախոսությունների կրող եւ տարբեր հասարակական շերտերի շահեր ներկայացնող քաղաքական ուժերի մրցակցությամբ: Այդ համակարգի տեսակետից՝ հայաստանյան քաղաքական զարգացումներն, անշուշտ, անտրամաբանական կարող են թվալ: Քաղաքականության մասին զուտ տեսականորեն դատողները հենց այդ՝ դասական մրցակցային համակարգի տեսակետից են հաճախ քննադատում մեր իրականությունը՝ ուզենալով մեզանում էլ իրականացած տեսնել դասագրքայինը: Չնայած՝ նույնիսկ արեւմտյան դեմոկրատիաների մրցակցային քաղաքականության պայմաններում լինում են այլազան ուժերի անբնական թվացող դաշինքներ, բայց, իհարկե, ընդհանուր առմամբ՝ հայաստանյան քաղաքական զարգացումներն իրոք տարբերվում են եւ չեն կարող չտարբերվել իրապես մրցակցային քաղաքական դաշտի զարգացումներից: Պատճառն ինչ-որ մեկի չար կամքը չէ, այլ այն պարզ փաստը, որ մեզանում քաղաքական իրավիճակի լրիվ այլ տիպ է: Ո՞րն է դա:

դ. Հետսովետական երկրների մեծ մասում, ի վերջո, հաստատվեցին ոչ թե արեւմտյան դեմոկրատիաներին համարժեք կարգեր, այլ սովետականից ավելի ազատ, բայց, այնուամենայնիվ, բռնապետական համակարգեր: Պետք չէ պատկերացնել, որ բռնապետությունը ենթադրում է, որ ամեն օր պետք է բռնություն գործադրվի, եւ արյուն թափվի: Բռնապետությունը ընդամենը նշանակում է, որ իշխանությունը ձեւավորվում է ոչ թե տվյալ հասարակությունում օրինակարգ համարվող, այլ զուտ բռնի ուժի ճանապարհով, եւ որ այդ կերպ իշխանություն զավթած խմբերը փորձում են մենաշնորհել եւ հավերժացնել իրենց իշխանական դիրքը: Հետսովետական բռնապետությունների մեծ մասում հասարակություններն այնքան ազատ են, որ ի տարբերություն սովետական շրջանի՝ հնարավորություն կա (թեեւ՝ սահմանափակ) քաղաքական գործունեության, այլ ոչ միայն այլախոհական դիրքորոշման, բայց, միաժամանակ, հասարակություններն այնքան ազատ եւ ուժեղ չեն, որ իրապես մրցակցային դաշտ ձեւավորվի:

Սա միայն հետսովետական տարածքին բնորոշ քաղաքական իրավիճակ չէ: Բազմաթիվ այլ տարածաշրջաններում, օրինակ՝ նույն Մերձավոր Արեւելքի երկրներում, սրա նման համակարգեր են: Նման պայմանները թելադրում են քաղաքական գործունեության իրենց օրինաչափությունները: Պարզ է, որ իշխող խմբից զատ՝ բոլոր մնացած հասարակական շերտերի քաղաքական նպատակը բնականից դառնում է քաղաքական մենաշնորհի կազմաքանդումը՝ հանուն տարբեր խմբերի շահերն արտահայտող մրցակցային համակարգի (բաց ենք թողնում այն հանգամանքը, թե նման պահանջը ի՛նչ պայմաններում է զանգվածային աջակցություն ստանում): Այդ նպատակը ոչ միայն բխում է բոլոր խմբերի եւ քաղաքական ուժերի շահերից, որոնք որքան էլ տարբեր եւ միմյանց հակադիր լինեն, սակայն քաղաքական մենաշնորհի պայմաններում ի զորու չեն իրացնել իրենց շահերը եւ տեսակետները, այլեւ հնարավոր չէ իրագործել առանց քաղաքական ամենալայն համախմբման եւ միասնական ուժերով պայքարի (իհարկե, այստեղ խոսքը քիչ թե շատ իրական ուժի եւ հեղինակության տեր խմբերի եւ անհատների մասին է, այլ ոչ թե՝ ում պատահի): Այս տիպի բռնապետական համակարգերում օրինաչափորեն, ուրեմն, հասունանում է իշխանափոխության նպատակ, եւ նույնքան օրինաչափորեն առաջանում է այդ նպատակին հասնելու տարբերակը՝ համաժողովրդական շարժումներ, քաղաքական ուժերի լայն միավորումներ՝ ճակատներ, կոնգրեսներ, դաշնակցություններ եւ այլն:

Այսօրվա Հայաստանում հենց այդ իրավիճակն է: Կարող ենք օրական 10 հազար անգամ ասել, որ չնայած տարիների փորձի եւ միավորման տարբեր ձեւաչափերի՝ հայաստանյան ընդդիմությանն այդպես էլ չհաջողվեց հասնել իշխանափոխության՝ օրինակարգ իշխանության ձեւավորելու նպատակին: Բայց դա դատարկ խոսակցություն է, քանի որ մարդկությանը, միեւնույն է, այլ տարբերակ հայտնի չէ, եւ բոլոր հասարակություններն էլ, որոնք հասել են այդ նպատակին, բարդ, բայց մոտավորապես նույն ճանապարհն են անցել:

 

Հ.Գ. Բացի այդ, եթե ինչ-որ մեկն իրոք կարծում է, թե այսօր Եռյակը քննադատող (արդարացի կամ ոչ), բայց, միաժամանակ, իրենց ընդդիմադիր համարող քաղաքական խմբերը, եթե մի օր իրապես նպատակադրվեն իրականություն փոխել, գործելու են ինչ-որ այլ՝ աշխարհում անհայտ մեթոդով, ապա այդ մեկը չարաչար սխալվում է: Այդ նույն քննադատները վաղը իրական քաղաքական նպատակներ դնելու դեպքում ստիպված են լինելու համագործակցել, դաշինքներ կազմել, համախմբվել ամենատարբեր, այդ թվում՝ առաջին հայացքից միանգամայն հակադիր ուժերի, խմբերի եւ անհատների հետ: Այլ կերպ որեւէ խաղաղ զանգվածային պայքար չի կազմավորվել եւ երբեք չի կազմավորվելու: Ի դեպ, հետաքրքիր է, որ մեր հարգարժան քննադատներն այսօր նույնիսկ միմյանց հետ չեն կարողանում լեզու գտնել եւ քիչ թե շատ ազդեցիկ միավորում ձեւավորել: Իհարկե, կարող են ասել, թե իրենք նման նպատակ էլ չունեն: Բայց դա էլ ընդամենը նշանակում է, որ հենց իրական քաղաքական նպատակներ իրենց առջեւ չեն դնում:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ջրային տնտեսության կոմիտեի նախագահը հրաժարական է տվել’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ-ն պնդում է, որ վերահսկում է ուղղաթիռի անկման վայրը’