‘Խմբագրական. 15 տարի առաջ Հայաստանում հիմնադրվեց «հաճախորդների ինստիտուտը»’

2347

Տասնհինգ տարի առաջ այս օրը մի խումբ «ռոմանտիկներ» (սա` ըստ Վազգեն Մանուկյանի. այդ ժամանակ նա ԱԺ պատգամավոր էր, ռոմանտիկայի բոլոր «հաճույքները» վայելել էր սկզբից մինչեւ վերջ, եւ լրագրողներին իր այս բնորոշումը հայտնելու պահին նրա աչքերի տարօրինակ փայլը վկայում էր, որ ներկա պահին Սերժիկ Սարգսյանի մոտ «նախագա» աշխատող այս մարդը «ռոմանտիզմի» երդվյալ երկրպագու է)` ավտոմատներով զինված, անարգել մտան Ազգային ժողովի շենք, հետո հեշտուհանգիստ ներխուժեցին նիստերի դահլիճ եւ, ոչ անհայտ լիսկայի «խորհրդականի» ասած` սահմռկեցնող «արյան բաղնիք»-ում լողացրին Հայաստանը: Գնդակահարվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանջյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Հետո պարզվեց` չէ՛, սրանք ռոմանտիկներ չեն, ընդամենը «նարկոմաններ» են, եւ կատարվածն էլ «ուչաստկովիի» գործ է (սա էլ` ըստ Ռոբերտ Քոչարյանի, որն այդ ժամանակ զբաղեցնում էր ՀՀ նախագահի աթոռը եւ սարսափից քարացած հասարակությանն ուրիշ ոչինչ չուներ ասելու, որովհետեւ «անթրաշ» էր):

…Իսկ Սերժիկ Սարգսյանը, որն այդ օրը «տանը չէր», Հայաստանի ազգային անվտանգության գլխավոր պատասխանատուն էր, եւ քրգործում առկա բազմաթիվ վկայությունները հետագայում փաստում էին, որ նրա ղեկավարած կառույցը տեղեկություններ ուներ, թե ինչ են պատրաստվում անել «ռոմանտիկ նարկոմանները»:

«Ուչաստկովին» քննեց գործը եւ «պարզեց», որ դահիճների թիկունքում կազմակերպիչներ չկան, իրենք իրենց բերանից կտրել են էս «խեղճերը», ավտոմատներ են գնել, որ Հայաստանը փրկեն ու գետում լվացք անող կանանց տեղում գնդակահարեն. կասկածյալներն ազատ արձակվեցին, այդ կասկածյալներից ոմանք պաշտոններ ստացան, մի մասն էլ` կարեւորագույն վկաների հետ շարվեշարան, հայտնվեցին արտերկրում եւ սկսեցին հերթով շունչները փչել:

Սեւ հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանում դրվեց  «հաճախորդների ինստիտուտի» հիմնաքարը:

Ապշահար ու ահավոր հարվածից քարացած հասարակության աչքի առաջ` ութ նահատակների կորստի ցավից կոկորդիլոսի արցունքներ թափող ու նախճիրի կազմակերպիչներին պատառ-պատառ անելուն կազմուպատրաստ շատերը «սահուն քայլերով» հայտնվեցին իշխանական ճամբարում, եւ Վանո Սիրադեղյանի բնորոշած «գյադաների ժամանակը» սելավի նման թափվեց մեր երկրի գլխին:

Արդյունավետ «ինստիտուտ» է, մինչ օրս գործում է անվրեպ, «ուսանողների» պակասություն չի քաշում:

Հաճախորդների «պատվավոր» շարքերը համալրել են նույնիսկ զոհվածների հարազատներից ոմանք:   

Ավելին, կասկածյալներն արդեն Սերժիկ Սարգսյանից մեդալ են ստանում (մոռացկոտներին հիշեցնեմ, որ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի դահլիճում «նարկոման ռոմանտիկների» վստահությունը վայելող` պատրաստակամորեն եւ հաճույքով նրանց ծառայողներ կային, որոնցից մեկն էլ այս սպանդի 15-ամյակի նախօրեին Սերժիկ Սարգսյանից Խորենացու մեդալ ստացողն էր):

Եվ այս` արյունը երակներում սառեցնող անբարոյականության ու լկտիության ֆոնին «արեւմտյան արժեքների» սիրուց մաշվողների ջոկատի կողմերից տեսակետներ են հնչում, թե ինչ տարբերություն կա Սերժիկ Սարգսյանի ու իր ավազակախմբի եւ սրանցից ազատվելու համար պայքարի ելածների միջեւ:

Հայաստանի կործանման գործին «զինվորագրված» հաճախորդների ինստիտուտը պետք է անհապաղ փակել: Եվ դրա միակ ճանապարհն իշխանափոխությունն է:

Խաղաղություն Հոկտեմբերի 27-ի նահատակների հոշոտված հոգիներին:

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘«Սևիլիան» կամային հաղթանակ տարավ «Վիլյառեալի» նկատմամբ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ուորլիք. Հուսով եմ՝ այսօրվա հանդիպումը մեզ ավելի կմոտեցնի հակամարտության խաղաղ կարգավորմանը’