‘Ծառայողական քննությունը կուսումնասիրի «Դոգի» պահվածքը’

1445

«Հետք»-ի լրագրողի ու ոստիկանի միջեւ Հյուսիսային պողոտայում, ապրիլի 27-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ news.am-ը փորձել է մեկնաբանություն ստանալ ոստիկանությունից:

Հարցին, թե պատրաստվո՞ւմ են արդյոք ընթացք տալ տեղի ունեցածին, ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ասել է, որ ոստիկանապետին զեկուցվել է միջադեպի մասին: «Մենք տեղյակ ենք միջադեպից, տեսել ենք տեսանյութը: Ոստիկանության պետին զեկուցվել է եւ ոստիկանության պետի կողմից որոշում է ընդունվել ծառայողական քննություն անցկացնել»: Ահարոնյանը հավաստիացրել է, որ մեղավորներն անպայման կպատժվեն:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 27-ին, Երեւանի Հյուսիսային պողոտայում քաղաքացիական հագուստով ինչ-որ անձ հրել եւ վիրավորել է Hetq.am էլեկտրոնային կայքի լրագրող Անի Հովհաննիսյանին, ով այդ ժամանակ փորձել է պարզել, թե ինչու են ոստիկանները հորդորում այդտեղ կիթառ նվագող քաղաքացուն հավաքել իրերը եւ հեռանալ։ Այս մասին հայտնում է Hetq.am կայքը՝ ներկայացնելով լրագրողի հետ տեղի ունեցածը։

«Հյուսիսային պողոտայով բարձրանում էի, երբ տեսա՝ ոստիկանական համազգեստով երկու անձ մոտեցել են փողոցային կիթառիստ Գեւորգին եւ ստիպում են հավաքել իրերն ու իրենց հետ ներկայանալ ոստիկանական բաժանմունք, իսկ քիչ հեռու կանգնած էր ոստիկանության  «Գազելը»:

«Հետքի» հետ զրույցում կիթառիստը նշել է, որ ոստիկանները պատճառաբանում են, թե Հյուսիսային պողոտայում բնակվող շենքերից մեկի բնակիչը բողոքել է, որ երաժշտությամբ խանգարում է իր հանգիստը: «Երբ մոտեցա և պահանջեցի ոստիկաններին ներկայանալ և նշել՝ ինչո՞ւ են երաժշտին ապօրինի հրավիրում բաժանմունք, քաղաքացիական համազգեստով մեկը նախ վիրավորեց ինձ, իսկ հետո հրեց»,- գրել է Անի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ անձը համացանցում հայտնի է որպես Վ. Ղուկասյան, մականունը՝ Դոգ:

Ինտերնետում նրա վերաբերյալ միակ տեղեկատվությունն, ըստ լրագրողի, 2011-ի հոկտեմբերի 14-ին տեղադրված տեսանյութն է, որտեղ Վ. Ղուկասյանը, սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի հարազատների հետ վիճաբանության ժամանակ, պաշտպանում է ՊՆ շահերը:

Նախորդ հոդվածը‘Մեկնարկում է «Ազգային Պատկերասրահ» փառատոնը’
Հաջորդ հոդվածը‘Ալյոխինի հուշամրցաշար. Արոնյանը փրկեց խաղը’