‘Կատալոնիայի առաջնորդ. Մենք նվաճեցինք անկախության իրավունքը’

2093

Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը Բարսելոնայում հայտարարել է, որ Կատալոնիան նվաճել է անկախության իրավունքը: Նա հայտարարել է, որ կիրակի այդ հարցով անցկացված հանրաքվեն կայացել է՝ չնայած Մադրիդի դիմադրությանը:

Կատալոնիայի իշխանությունները տեղեկացրել են, որ քվեարկությանը մասնակցածների 90 %-ը  կողմ է Իսպանիայից անկախանալու գաղափարին: Ընդ որում՝ մասնակցությունը մեծ չի եղել. Կատալոնիայի իշխանությունների տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 43 %-ը:

Իսպանիայի սահմանադրական դատարանը հանրաքվեն անօրինական է ճանաչել: Քվեարկությունից անմիջապես հետո Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ չի ճանաչում այդ հանրաքվեի օրինակարգությունը: Նրա խոսքով՝ կատալոնացիներին խաբեությամբ ստիպել են մասնակցել անօրինական պլեբիսցիտին: Նա հանրաքվեն անվանել է ծաղր ժողովրդավարության նկատմամբ:

Ոստիկանության հետ բախումներում հարյուրավոր քաղաքացիներ են տուժել:

Կատալոնիայի իշխանությունները պնդում են, որ ոստիկանությանը հաջողվել է արգելափակել 2300 ընտրատեղամասերից 319-ը: Իսպանիայի ներքին գործերի նախարարության պնդմամբ՝ փակվել է ընդամենը 92 տեղամաս:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Վթարից տուժածներից 2-ը դուրս են գրվել, մյուս 2-ը գտնվում են «Էրեբունի» ԲԿ-ում’
Հաջորդ հոդվածը‘Հարձակում Մարսելի կայարանում. կան զոհեր’