‘Կատալոնիայի խորհրդարանն օրենք է ընդունել Իսպանիայի կազմից դուրս գալու կարգի վերաբերյալ’

2176

Կատալոնիայի խորհրդարանը օրենք է ընդունել անցումային շրջանի մասին, որը, անկախության կողմնակիցների կարծիքով՝ իրավաբանական հիմք կստեղծի Իսպանիայի կազմից ինքնավար մարզի դուրս գալու համար:

Ինչպես նշում է El Pais պարբերականը, փաստաթուղթն ուժի մեջ կմտնի միայն հանրաքվեում Կատալոնիայի անկախության կողմնակիցների հաղթանակից հետո: Օրենքը կգործի երկու ամիս՝ մինչև մեկնարկի ինքնուրույն խորհրդարանական հանրապետության ստեղծման գործընթացը:

Հինգշաբթի Իսպանիայի Սահմանադրական դատարանը արտակարգ նիստում կասեցրել է բոլոր այդ փաստաթղթերի գործողությունը: Իսպանիայի իշխանությունները դատական որոշումները չկատարելու հետևանքների մասին նաև զգուշացրել են կատալոնական լրատվամիջոցներին, պետպաշտոնյաներին և ոստիկանության ղեկավարությանը: Իսպանիայի գլխավոր դատախազ Խոսե Մանուել Մասան քրեական հետապնդմամբ է սպառնացել  անկախության հանրաքվեն պաշտպանող կատալոնացի խորհրդարանականներին, ինչպես նաև դիմել է թագավորության հատուկ ծառայություններին՝ քվեարկության անցկացման նախապատրաստությանը ուշի ուշով հետևելու խնդրանքով:

Ի պատասխան Սահմանադրական դատարանի որոշման՝ Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, թե «Կատալոնիայում ժողովրդավարությունը ոչ ոք չի կասեցնի»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Վրաստանում ձյուն է տեղացել ‘
Հաջորդ հոդվածը‘Կոտայքում մեքենան սպանել է ձիուն’