‘ԿԲ նախագահը գնաճի թեման «ցրում է» ձևացնելով, թե հարցը չի ընկալում (տեսանյութ)’

1827

Այսօր ԱԺ-ում բավականին ուշագրավ մի երկխոսություն տեղի ունեցավ: Բյուջեի մասի օրենքի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացության ներկայացումից հետո ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին. «Ասեք ձեր կանխատեսումները՝ գնաճի և սղաճի վերաբերյալ»:

«Դա, ըստ էության, նույնն է: Նախկինում դա անվանում էին սղաճ, հիմա՝ գնաճ: Էս տարվա բյուջեի մասին օրենքով 4 տոկոս էր նախատեսված, էս տարի կլինենք՝ 3.5 տոկոսից ոչ ավելի, հաջորդ տարվա համար հաշվի առնելով տարբեր մասնակցություններ և տարբեր մակրոտնտեսական երևույթներ ու միջազգային ու տարածաշրջանային որոշ զարգացումներ՝ պատրաստվում ենք 4-4.5 տոկոսի շրջակայքին»:

Արամ Մանուկյանը ստիպված եղավ հստակեցնել հարցը, թերևս կարծելով, որ Ջավադյանը ոչ թե միտումնավոր է բառախաղ անում՝ հարցին չպատասխանելու համար, այլ որ երևի հարցը լավ չի ընկալել: «Ես գնաճը՝ գների աճը նկատի ունեի»,- նշեց Մանուկյանը:

Ջավադյանը, սակայն, տեղի չտվեց՝ համառորեն ձևացնում էր, թե չի ընկալում իրեն ուղղված հարցը. «Ինֆլյացիային հիմա գնաճ են ասում»:

«Ես խոսում եմ ապրանքների գնաճի մասին»,- շարունակեց Մանուկյանը: Բայց Ջավադյանը անհողդող էր՝ ձևացնում էր, թե չի ընկալում և վերջ. «Նախկինում գնաճը սղաճ էր, հիմա՝ գնաճ: Նույն ինֆլյացիան է: Միգուցե՝ առաջարկենք, որ ամբողջ աշխարհհում եթե ինֆլյացիա է դա, այդպես թողենք, որ թյուրիմացություն չլինի»:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Խաչատրյան. Հրաժարական տալը հեշտ գործ չէ’
Հաջորդ հոդվածը‘Գ.Խաչատրյան. Հայաստանը ԵՏՄ-ից 84 միլիոն դոլար գրանտ է ակնկալում’