‘ԿԲ փոխնախագահը պնդում է, որ արտակարգ գնաճ տեղի չի ունենա, իսկ դրամի անկումը վերահսկվում է ‘

1109

ԿԲ-ն հաստատում է իր պատրաստակամությունը և ամենայն պատասխանատվությամբ է մոտենում իր գործառույթներին՝ դրամի փոխարժեքի շուկայի իրավիճակը կայունացնելու նպատակով, կառավարության նիստում այսօր հայտարարել է ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:

«Գործի ենք դրել մեր տրամադրության տակ գտնվող բոլոր հնարավոր գործիքները և միջոցները, այդ թվում Ռեպո շուկայում իրացվելիության կարգավորման միջոցով, լոմբարդային գործիքների միջոցով, արժութային սվոտներ առաջարկելու միջոցով և արժութային շուկայում տարբեր միջամտություններ անելու, որպեսզի կարողանանք տատանողականությունը հաղթահարել, բայց այն, ինչը դրսի շոկով է պայմանավորված, այդ ճշգրտումները, բնականաբար, պետք է իրենց տեղը գտնեն», — ասել է Երիցյանը:

Նա հավաստիացրել է, որ Կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են՝ կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը:

«Համեմատության համար ասեմ՝ մեր պահուստները համարժեք են շրջանառության մեջ գտնվող կանխիկ դրամին: Այդ իմաստով որևիցե խնդիր չենք տեսնում:  Բացի այդ, նաև ուզում ենք հավաստիացնել, քանի որ կան տարբեր մտահոգություններ բանկային համակարգի և դրա գործառույթների հետ կապված, որ բանկային համակարգի կայունությունը նույնպես ապահովված է, երաշխավորված է կապիտալի բարձր մակարդակով: Բանկերի արդեն իսկ մեծ և´ ակտիվները, և´ պարտավորությունները դոլարացված են, դոլարով են, և բանկերն իրենք էլ ունեն շատ մեծ դոլարային իրացվելիություն՝ և´ կանխիկ, և´ անկանխիկ, որը նույնպես համարժեք է շրջանառության մեջ գտնվող կանխիկին, այդ իմաստով էլ բանկերը պետք է ի վիճակի լինեն սպասարկելու մեր քաղաքացիների պահանջները», — ասել է ԿԲ նախագահի տեղակալը:
Ըստ Երիցյանի, Կենտրոնական բանկը գների կայունության հետ կապված նույնպես զգալի ռիսկեր այս պահին չի տեսնում, և գնաճի ցուցանիշը 2014-15 թթ. կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքում՝ 4±1.5 տոկոսի շրջանակում:

Նախորդ հոդվածը‘Թե ինչու ԲՀԿ-ն կողմ կքվեարկի ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրին. Ելույթ (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Euronews.com-ը կհեռարձակի Արամ Խաչատրյանի անվան II միջազգային փառատոնի համերգը’