‘Կենտրոնական բանկը արժութային շուկայում վիճակը կարգավորելու համար որդեգրում է նոր մոտեցում ‘

1297

Արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով:

ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ֆինանսական շուկայում թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկն օրական կտրվածքով հրապարակելու է իր կողմից իրականացվող սակարկությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը:

Նպատակ հետապնդելով նվազեցնելու ՀՀ կենտրոնական բանկի ազդեցությունը ՀՀ դրամի փոխարժեքի ձևավորման վրա, նախատեսվող օրական միջամտության ծավալները փուլային նվազելու են մինչև ՀՀ դրամի հավասարակշիռ մակարդակի ձևավորումը:

Նշենք, որ Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ արդեն գերազանցել է 454 դրամ/$1 նշագիծը`վերջին 2,5 ամսում շուրջ 12% արժեզրկմամբ: Տվյալ պահին (14:00) փոխանակման կետերում դոլարի առքուվաճառքի փոխարժեքը կազմում է 450/458 դրամ/$1, եվրոն` 554/574 դրամ/1 եվրո, ռուսական ռուբլին` 8,4/9 դրամ/1ռուբլի: Օպտիմալ փոխարժեքը Հայաստանի բանկերում սահմանվել է` ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 450,00 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 556,00 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8,00 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 453,00 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 567,00 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 9,55 դրամ 1 ռուբլու դիմաց: NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում հունիսից մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ իրականացվել է $396.5 մլն գումարի արժութային գործարք, իսկ փոխարժեքը բարձրացել է 407,14-ից մինչև 438,62 դրամ/$1:Ըստ որում, բորսայական գործարքների այդ ծավալից շուրջ $117 մլն բաժին է ընկել միայն նոյեմբերին: Անցած շաբաթ (դեկտեմբերի 1-5) արժութային գործարքների միջբանկային շուկան աննախադեպ մաքսիմում է գրանցել` $59.3 մլն, ձևավորելով փոխարժեք 442,42 դրամ/$1 մակարդակի վրա, ինչի պայմաններում բորսան, շաբաթն սկսելով $3.5 մլն ծավալով (դեկտեմբերի 1), հաջորդ չորս օրերին ընդհանրապես գործարք չի իրականացրել:

Նախորդ հոդվածը‘Դանի Ալվեշ, ժերար Պիկե, Իվան Ռակիտիչ. գովեստի խոսքեր ուղղված Մեսսին.’
Հաջորդ հոդվածը‘Պրեմիերայի լավագույն ռմբարկուները 2009 թվականից հետո’