‘Կլիչկոն հրատարակելու է իր ասույթների ժողովածուն’

938

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հրատարակելու է իր ասույթների ժողովածուն, այսօր հաղորդել է Life News-ը՝ հղում անելով նրա ելույթին ուկրաինական ռադիոյով: Քաղաքապետի կարծիքով՝ գիրքը մեծ պահանջարկ կունենա ռուսաստանցիների շրջանում:

«Կարծում եմ՝ ասույթների իմ ժողովածուն Ռուսաստանում մեծ ժողովրդականություն կվայելի, քանի որ այնտեղ շատ մեծ ուշադրությամբ են հետևում իմ աշխատանքին: Ռուսաստանցիներին այն կվաճառենք բավական թանկ գնով»,- նշել է Կլիչկոն: Նրա խոսքով՝ գրքի վաճառքից ստացված գումարը կուղղվի Կիևի սոցիալական կարիքներին, քանի որ առաջիկայում ջեռուցման սեզոն է:

Կլիչկոն շոյված է զգում, երբ  իրեն համեմատում են Վիկտոր Չեռնոմիրդինի հետ, ով նույնպես հայտնի է իր թևավոր խոսքերով:

Կլիչկոյի «արտառոց» արտահայտությունները հաճախ են դարձել քննարկման առարկա: Նրա ամենահայտնի ասույթներից մեկն է դարձել հետևյալը. «Իսկ այսօր վաղվա օրվան ոչ բոլորը կարող են նայել: Ավելի ճիշտ՝ նայել կարող են ոչ միայն սոսկ բոլորը, քչերը դա կարող են անել»: Իսկ երբ նրան հարցրել են՝ որտե՞ղ է նրա կինը, նա պատասխանել է, որ կինը «ամենուրեք է», հետո ուղղել է ինքն իրեն՝ ճշտելով, թե նա «Կիևում է, բայց մեկնել է Գերմանիա»: Ի վերջո՝ խոստովանել է, որ իր «կինը միշտ այնտեղ է», որտեղ ինքն է: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մադուրոն ԱՄՆ-ին մեղադրում է մոլորակը ավերելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանն Ուզբեկստանին է հանձնել մարդկանց առևտրի մեջ կասկածվող տղամարդուն’