‘Կրեմլը կասկածում է ԻՊ-ի կողմում կռվող ռուսաստանցիների մասին զեկույցի հավաստիությանը’

2535

Կրեմլում կասկածով են վերաբերվել ամերիկյան Soufan Group խորհրդատվական ընկերության զեկույցին, որի համաձայն՝ ռուսաստանցիները թվով առջևում են Սիրիայում ահաբեկիչների կազմում կռվող արտասահմանցիների մեջ: Կրեմլը, սակայն, ընդունել է, որ առկա է գրոհայինների՝ հայրենիք վերադառնալու վտանգը:

«Մենք որևէ կերպ չենք գնահատում այդ զեկույցի արդյունքները: Մենք չգիտենք, թե որքանով կարելի է վստահել բերված տվյալներին, ինչ հիմքով են կազմվել այդ արդյունքները, և տեղեկատվության ինչ աղբյուրների է տիրապետում այդ կազմակերպությունը»,- հինգշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Զեկույցի տվյալներից մեկը մեկնաբանելու հարցին ի պատասխան, թե ՌԴ են վերադարձել մոտավորապես 400 գրոհայիններ, Պեսկովն ասել է. «Ես դարձյալ կասկածի տակ կառնեմ այդ թիվը, բայց ուզում եմ նաև հիշեցնել, որ ամենատարբեր մակարդակներում նշվել է այն պոտենցիալ վտանգը, որ ահաբեկիչներին հարած մարդիկ վերադառնալու են հայրենիք, մասնավորապես՝ Ռուսաստան: Դա վտանգ է ներկայացնում, և այդ մասին շատ լավ գիտեն մեր հատուկ ծառայությունները: Այդ հավանական սպառնալիքին դիմակայելը մեր գերակայություններից մեկն է»,- ասել է Պեսկովը:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘ԲՆ-ն արջերի պահման մասին’
Հաջորդ հոդվածը‘Յոհաննես Հան. Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, հնարավոր է, հետաձգվի’