‘Հակաահաբեկչական գործողությունների եղանակները’

1658

Ահաբեկիչների հետ շփման մի քանի եղանակ կա, եւ ըստ պետությունների տվյալ պահի դիրքորոշման ու ըստ տվյալ պահի խնդրի յուրահատկության՝ կիրառվում է դրանցից որևէ մեկը:

Սակայն Հայաստանի իշխանությունները ահաբեկչության դեմ պայքարի մի նոր եղանակ են ստեղծել, որը ոչ մի կերպ չի տեղավորվում համաշխարհային փորձի մեջ, ու որևէ մեկի մտքով չէր էլ անցնի այդպիսի եղանակ ստեղծել:

Ինչպես գիտենք՝ ահաբեկիչների հետ վարվելու ամենատարածված ձևը նրանց հետ ուժի դիրքերից խոսելն է, երբ ամեն մի ահաբեկչության պատասխանում ես ուժի գործադրմամբ և ամեն գնով ոչնչացնում ես ահաբեկիչներին: Իհարկե, այս մեթոդի բացասական կողմն այն է, որ քո կողմում էլ կարող են լինել կորուստներ, սակայն ճիշտ պլանավորման խնդիրն էլ հենց  այն է, որ այդ կորուստները նվազագույնի հասցվեն, ու միաժամանակ՝ հնարավորինս ավելի մեծ վնաս հասցվի ահաբեկիչներին, որպեսզի հաջորդ անգամ, ահաբեկչություն կատարելուց առաջ, նրանք մտածեն իրենց արարքի հետևանքների մասին:

Հաջորդ եղանակը ահաբեկիչների հետ բանակցելն է, երբ բանակցությունների միջոցով որոշակի զիջումների ես գնում և կատարում նրանց որոշ պահանջներ, որպեսզի, ենթադրենք՝ պատանդների առկայության դեպքում  նրանց ետ ստանաս՝ փրկագին վճարելով կամ հետդարձի ճանապարհ տրամադրելով:

Մյուս եղանակն այն է, երբ տեղի է ունենում փոխանակում.  քո գերիներին կամ նրանց դիակները փոխանակում են ահաբեկիչների դիակների կամ գերիների հետ, կամ եթե այդ պահին գերի ահաբեկիչներ չունես, գերի են վերցվում ահաբեկիչներին աջակցող որոշ անձինք, և ողջ կամ մեռած վիճակում նրանք փոխանակվում ահաբեկիչների ձեռքում գտնվող քո գերեվարված կամ սպանված համերկրացիների հետ:

Այս եղանակի բացասական կողմն այն է, որ ահաբեկիչների մոտ կարող է գայթակղություն  առաջանալ հետագայում նույնպես այսպիսի գործողություններ իրականացնելու, սակայն պետության խնդիրն էլ այն է, որ այս ընթացքում հնարավորինս վարկաբեկի ահաբեկիչներին ու ահաբեկչությունն ընդհանրապես և համաշխարհային հանրության մեջ համախոհներ գտնի` ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու համար:

Ահաբեկիչների հետ նույնանալու վտանգից խուսափելու համար պրակտիկայում կիրառվում են բաց բանակցություններն ու միջազգային էքսպերտների ներգրավումը, որոնք հաստատում են, որ նույնիսկ ահաբեկիչներին ոչնչացնելու դեպքում պահպանվում է նրանց իրավունքը` դիակի չպղծման և դիակը հարազատներին հանձնման եղանակով, որով ցույց է տրվում այն, որ ինչ գործողություններ էլ նրանք անեն քո գերիների հետ, միևնույն է՝ դու չես նմանվում իրենց:

Վերադառնանք Հայաստանի հակաահաբեկչական գործողություններին. հայկական ուղղաթիռի հետ կապված ահաբեկչությունից հետո, այսինքն՝ երբ հստակ ահաբեկչություն իրականացվեց հայկական զինված ուժերի նկատմամբ, որից հետո մինչ այժմ հայ օդաչուների ճակատագիրն անհայտ է, Հայաստանը չօգտվեց մարդկությանը հայտնի հակաահաբեկչական որևէ եղանակից, այլ ընտրեց իր սեփական եղանակը: Հայկական կողմը ոչ ահաբեկիչների հետ բանակցում է, ոչ ուժային գործողություն է իրականացնում, ոչ փրկագին է խոստանում, ոչ միջազգային խաղացողներ է ներգրավում՝ միասին ահաբեկչության դեմ պայքարելու ուղղությամբ, այլ պարզապես հայտարարում է, թե դուք դեռ կտեսնեք՝ մենք ինչեր ենք անելու:

Ու այդպես տեսնելով անցնում է մեկ օր, երկու օր, մեկ շաբաթ, մեկ ամիս, գերության մեջ ընկած հայ գյուղացի Կարեն Պետրոսյանի սպանությունից հետո՝ մի քանի ամիս, մարդասպան Սաֆարովի էքստրադիցիայից հետո՝ տարիներ, ու այդ ըթնացքում միայն ժամանակ առ ժամանակ հայկական լրատվամիջոցներում հայտնվում է նույն լուրը՝ Սաֆարովը մահացել է կախվելու միջոցով, ու կրկին տարիներն անցնում են, ու Սաֆարովը կրկին ու ևս մեկ անգամ կախվում է:

ՀՀ իշխանությունների հայտնագործած այս մարտավարության «անխոցելիությունն» այն է, որ, ի վերջո, Սաֆարովը, ինչպես և մյուս ահաբեկիչները, մահանալու են, կապ չունի՝ քանի տարի հետո, ու էլի կապ չունի՝ իրենց բնական մահերո՞վ, թե՞ մեքենայի  տակ ընկնելով: Կարևորը՝ ՀՀ իշխանությունների «հակաահաբեկչական» հայտարարությունները հասնում են իրենց նպատակին, ու ՀՀ հասարակությանը ներկայացվում է, թե ինչքան հերոսական են մեր իշխանությունները:

Իսկ գլոբալ առումով այս մարտավարությունը կարելի է կոչել այսպես` սպասել այնքան ժամանակ, մինչև կգործի հայկական ասացվածքն իր բոլոր պերճանքով ու թշվառությամբ. «Յա էշը մեռնի, յա՝ իշատերը»…:  

Ցավոք, այսպես շարունակվելու դեպքում «իշատիրոջ» մահվան հավանականությունը ավելի է մեծանում:

Միսակ Մարտինյան

Նախորդ հոդվածը‘Ավտովթարից հետո հիվանդանոց տեղափոխված վարորդը փախուստի է դիմել. Նա հետախուզման մեջ էր’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում’