‘Հաղարծնի վանահայր. Այրված ընկուզենին կապրի’

1670

Այս գիշեր համացանցում նկարներ տարածվեցին, որոնցում երևում է, որ Հաղարծին վանական համալիրի բակում գտնվող հայտնի ընկուզենին վառվել է (լուսանկարները՝ այստեղ): Ընկուզենին Հաղարծնի յուրահատուկ սիմվոլներից մեկն է, որն ավելի քան 700 տարվա պատմություն ունի, և այս փաստը չէր կարող չանհանգստացնել բազմահազար հավատացյալներին, ովքեր առանց այդ ծառի պարզապես չեն պատկերացնում Հաղարծինը:

Այս կապակցությամբ 168.am-ը զրուցեց Հաղարծնի վանահայր հայր Արիստակեսի հետ:

— Հայր սուրբ, ինչո՞ւ և ե՞րբ է վառվել ընկուզենին:

— Դեպքը տեղի է ունեցել մոտ 3 շաբաթ առաջ: Ինչ-որ մարդիկ գիշերը ժամը 3-ի սահմաններում եկել են, մոմ են վառել ընկուզենու վրա և հեռացել: Առավոտյան 6-ի սահմաններում պահակները տեսել են` ինչպես է այրվում այն և անմիջապես մարել են կրակը:

— Ի՞նչ վիճակում է այժմ ընկուզենին: Հույս կա՞, որ այն կրկին կծաղկի:

— Բարեբախտաբար, այն ամբողջությամբ չի այրվել, և արդեն հստակ երևում են կանաչ շիվերը, ինչը նշանակում է, որ ընկուզենին կապրի:

— Դիտավորությունը բացառո՞ւմ եք:

— Այո, բացառում եմ: Անզգուշության և անփութության հետևանք է:

-Հայր սուրբ, ընկուզենին յուրօրինակ սիմվոլ է բազմաթիվ հավատացյալների համար: Ի՞նչ նշանակություն ունի այն եկեղեցու համար:

— Այո, ընկուզենին իսկապես ինչ-որ առումով սիմվոլիկ է, և եկեղեցին նույնպես շատ է կարևորում դրա գոյությունը. այն տնկել են վանականները` 700-750 տարի առաջ: Ամեն ինչ կանենք ընկուզենու գոյությունը պահպանելու համար:

Նախորդ հոդվածը‘Ալյոխինի հուշամրցաշար. Արոնյանը փրկեց խաղը’
Հաջորդ հոդվածը‘ՀՅԴ-ին Ավանում դիմավորեց Տարոն Մարգարյանը, «Բարև Երևան»-ի քարոզարշավն էլ խոչընդոտեցին ՀՀԿ-ականները (տեսանյութեր)’