‘Հայաստանն ու Ճապոնիան քննարկում են վիզային ռեժիմի դյուրացման հնարավորությունը. ԱԳՆ’

3724

Հայաստանի արտգործնախարարը եւ Ճապոնիայի ԱԳ փոխնախարարը քննարկել են վիզային ռեժիմի դյուրացման հնարավորությունը: Այսօր՝ հունիսի 29-ին նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստան ժամանած Ճապոնիայի խորհրդարանական արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոտոմե Տակիսավային:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ 25 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-ճապոնական հարաբերությունները կայուն զարգացում են ապրել, ընդլայնվել նոր ոլորտներով եւ համալրվել նոր բովանդակությամբ։ Նախարարը հավելել է, որ Տոկիոյում եւ Երեւանում դեսպանատների հիմնումը նոր լիցք է հաղորդել համագործակցությանը:

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Երկուստեք նշվել է, որ բարձրաստիճան փոխայցելությունները, ԱԳՆ-երի միջեւ խորհրդատվությունները, համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում կարեւոր դեր են խաղում հարաբերությունների ամրապնդման եւ խորացման գործում:

Հանդիպմանն անդրադարձ է արվել հայ-ճապոնական տնտեսական, մշակութային, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ինչպես նաեւ տարերային աղետների կանխարգելման եւ ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ակտիվացմանը։ Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը Ճապոնիայի ցուցաբերած շարունակական աջակցության համար։

Զրույցի ընթացքում կարեւորվել է առեւտրատնտեսական համագործակցության բնագավառում պայմանագրային դաշտի ամրապնդումը, անդրադարձ է կատարվել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հնարավորությանը։

Նախարար Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ գոհունակություն հայտնելով այս հարցում Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշման առնչությամբ:

Նախորդ հոդվածը‘Վենեսուելայում հայտնաբերվել է «հատուցման ուղղաթիռը»’
Հաջորդ հոդվածը‘ԱԻՆ-ը խորհորդ է տալիս ցերեկային ժամերին խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից ‘