‘Հայաստանում Գերմանիայի դեսպան. Ադրբեջանում Թուրքիայի դեսպանն իմ ասածը ճիշտ չի մեկնաբանել’

1023

«Ադրբեջանում Թուրքիայի դեսպանն ինձ ճիշտ չի մեկնաբանել, ես խորհուրդներ չեն տվել և երբեք չէի տա»: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում` մեկնաբանելով իր թուրք գործընկեր Իսլմայիլ Ալփեր Ջոշքունի այն հայտարարությունը, թե գերմանացի դիվանագետն իրավունք չունի խորհուրդներ տալ Անկարային:

«Ես ասել եմ, որ Գերմանիան կցանկանար տեսնել Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում առկա բարդությունների ավարտը: Նախկինում մենք ականատես  ենք եղել դրանց հաղթահարմանն ուղղված ինչ-որ քայլերի, որոնք, սակայն, իրենց սպառել են և խնդրի վերջնական լուծման չեն հանգեցրել: Եվ մենք ուրախ կլինեինք, եթե  դժվարությունները հաղթահարվեին, և երկու երկրների միջև հաստատվեին բարիդրացիական հարաբերություններ: Ես խորհուրդներ չեմ տվել, ես ընդամենն ասել եմ, թե մենք ինչպես ենք մեր խնդիրները լուծել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ես մտածեցի, որ դա կարող է հետաքրքիր լինել այլ սուբյեկտների, երկրների համար` տեսնելու, դասեր քաղելու, այդ մասին մտորելու և հետևություններ անելու առումով», — նշել է դիվանագետը: Ընդ որում՝ նա հավելել է, որ Գերմանիան երբեք խորհուրդներ չի տալիս` առանց իրեն ուղղված համապատասխան խնդրանքի:

Նշենք, որ ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ հարցազրույցում Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունը, վերաբերմունք հայտնելով Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելի այն հայտարարությանը, թե Թուրքիան պետք է ներողություն խնդրի Հայաստանից, ասել է, որ տարածաշրջանում Հայաստանի վարած քաղաքականությունը սխալ է, և չի կարելի պետության ու ժողովրդի ապագան ապահովել` հարևաններին նկրտումներ և մեղադրանքներ ներկայացնելով:

«Իսկ գերմանացի դիվանագետի հայտարարությունների մասին կարող եմ ասել հետևյալը. նախ, մենք նրա խորհուրդների կարիքը չունենք: Ավելի լավ կլինի, եթե նա, Թուրքիային խորհուրդներ տալու փոխարեն՝ «Ադրբեջանի օկուպացված տարածքներից» հեռանալու կոչ անի Հայաստանի կառավարող կուսակցությանը, որտեղ ինքը կատարում է դիվանագիտական պարտականությունները: «Թուրքիան պետք է ներողություն խնդրի» և նման պահանջները, ինպես նաև այդ հարցը Եվրամիությունում բարձրացնելու փորձերն անհիմն են և ոչ մի հեռանկար չունեն», — եզրափակել է թուրք դիվանագետը: 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանում առևանգնվել է «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցը’
Հաջորդ հոդվածը‘Բագրատ Ասատրյան. Մի քիչ զսպեք ախորժակներդ, ժողովուրդն ուղղակի մեղք է’