‘Հայաստան կգա ԵՄ հանձնակատար Հաանը’

3574

Հայաստանում Եվրոպական  միության պատվիրակությունը փոխանցում է, որ Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը հոկտեմբերի 2-ին՝ Բրյուսելում նոյեմբերի 24-ին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ կայցելի Հայաստան։  

«Հանձնակատար Հաանը կհանդիպի  Սերժ Սարգսյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին, արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանին՝ քննարկելու Արեւելյան գործընկերության գագաթաժողովի առաջնահերթությունները եւ ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման հարցերը։ Դրանք արտացոլված են ԵՄ – Հայաստան նոր Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում եւ Գործընկերության առաջնահերթություններում, որոնք էլ կսահմանեն առաջիկա տարիներին համատեղ քաղաքականության առաջնահերթությունները։

ՀՀ կրթության նախարարի ուղեկցությամբ նա նաեւ կհանդիպի երիտասարդ հայ ուսանողների հետ եւ կքննարկի ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության հետագա ոլորտները, որոնք հիմնականում ուղղված կլինեն, ի թիվս այլոց, նորարարությանը եւ հմտությունների զարգացմանը»։

Ըստ հաղորդագրության, առաքելությանն ընդառաջ հանձնակատար Հաանը հայտարարել է. «Սա շատ կարեւոր տարի է ԵՄ – Հայաստան հարաբերությունների համար, քանի որ մենք ընդլայնում եւ խորացնում ենք մեր համագործակցությունը փոխադարձ շահերի հիման վրա։ ԵՄ-ն պատրաստ է ստորագրել նոր Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստանի հետ։ Համաձայնեցված Գործընկերության առաջնահերթությունների հետ միասին սա կձեւավորի մեր համագործակցությունը, որի շրջանակներում մենք պլանավորում ենք ներդրում կատարել, ի թիվս այլ ոլորտների, կրթության եւ նորարարության ոլորտներում, քանի որ հմտությունների զարգացումը առանցքային է Հայաստանի ապագայի համար։ Իմ այցելությունը, որի ընթացքում կքննարկվեն նաեւ «2020թ.-ի 20 արդյունքների» ուղղությամբ մեր համատեղ առաջընթացը, նաեւ նախապատրաստական գործողություն է Արեւելյան գործընկերության հաջորդ գագաթաժողովի համար։ Այդ արդյունքները նպատակ ունեն ՀՀ քաղաքացիների առօրյա կյանքում շոշափելի օգուտներ բերել»։

Այցելության շրջանակներում հանձնակատար Յոհաննես Հաանը եւ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը հանդես կգան մամուլի հայտարարություններով:

 

Նախորդ հոդվածը‘Հարձակում Մարսելի կայարանում. կան զոհեր’
Հաջորդ հոդվածը‘ Ջրանջատում Եղեգնաձոր քաղաքում’