‘Հայաստան-Ֆինլանդիա. Խաղից առաջ’

1173

Եվրոպա-2020 -ի ընտրական փուլի շրջանակում այսօր Երևանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը: Ինչպես նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆինլանդիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Մարկու Կաներվան, Հայաստանի դեմ խաղը հեշտ չի լինելու:

«Դժվար խաղ ենք ակնկալում: Հիասթափված ենք Իտալիայից կրած պարտությունից, սակայն ամեն ինչ անելու ենք Եվրո-2020-ի ուղեգիր նվաճելու համար: Հայաստանի հավաքականը դժվար մրցակից է, դուք ունեք լավ ֆուտբոլիստներ, ինչպիսին Հենրիխ Մխիթարյանն է: Հայաստանն իր ուժը ցույց տվեց Ազգերի լիգայում՝ Մակեդոնիային հաղթելով 4:0 հաշվով»,-ասել է մարզիչը:

Նրա խոսքով՝ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որից ամենաշատը պետք է վտանգ ակնկալել: «Փորձելու ենք խաղալ հաղթանակի համար, ինչին հասնելու ճանապարհին հարկավոր է լավ պաշտպանվել և լավ հարձակվել: Եթե մենք շատ հնարավորություն ունենանք և ոչ-ոքի խաղանք, ապա հիասթափված կլինենք»,-եզրափակել է Կաներվան:

Ֆինլանդիայի ընտրանին կարողացավ  արդարացնել երկրպագուների հույսերը, հաջող հանդես եկավ Ազգային լիգայում և  վերջնակետը եզրափակեց առաջին տեղում՝ իր մոտակա մրցակցից՝ Հունգարիայից առաջ անցնելով 2 միավորով: Սակայն Եվրո-2020-ի Իտալիայի հավաքականի հետ անցկացրած մեկնարկային խաղում թիմը վատ հանդես եկավ, չունեցավ ոչ մի հնարավորություն և պարտվեց 0:2 հաշվով:  2016 թվականին այս երկրի ընտրանին գտնվում էր ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի 96-րդ հորիզոնականում: Անցած տարիների ընթացքում ֆիննական թիմը կարողացավ բարելավել  դրությունը և հայտնվել 56-րդ հորիզոնականում: Հարձակման գծում թիմի հույսը անգլիական «Նորվիչ Սիթիի» հարձակվող Թեմի Պյուկին է: Հավելենք նաև, որ այս պահի դրությամբ J խումբը գլխավորում են Բոսնիա-Հերցեգովինայի, Հունաստանի և Իտալիայի հավաքականները, ովքեր առաջին խաղում հաղթանակներ են տոնել:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ևս պարտությամբ սկսեց 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը: Սարաևոյում Բոսնիա և Հերցեգովինայից կրած պարտությունը երկակի արձագանք է գտել ֆուտբոլասերների շրջանում: Մի մասը պնդում է, որ հավաքականը հերթական անատամ հանդիպումն անցկացրեց և օբյեկտիվորեն պարտվեց: Մյուս մասն էլ՝ վստահ է, որ գոնե մեկ միավոր կարող էինք վաստակել: Սթափ գնահատելով Հայաստանի հավաքականի խաղը՝ կարող ենք արձանագրել, որ կար պայքար, սակայն  առկա ակնհայտ բացթողումներն ու սխալները թույլ չտվեցին դրական արդյունքի հասնել: Սպասվածի համաձայն՝ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ընտրել էր 4-2-3-1 դասավորությունը:

Կարծում ենք, որ մեր հավաքականի պարտության գլխավոր պատճառը հենակետային գոտու վատթար վիճակն էր: Այս դիրքում խաղում էին Արտակ Գրիգորյանը և Կառլեն Մկրտչյանը:  Հենց այս դիրքի խաղացողների խաղի արդյունքում է, որ արդեն առաջին կեսի միջնամասում դաշտի կենտրոնն ամբողջովին զիջեցինք մրցակցին: Այսօր խաղալու ենք Ֆինլանդիայի հետ, և Գյուլբուդաղյանցը պետք է հենակետային գոտում լուրջ փոփոխություն կատարի,  այլապես պատկերը նույնը կլինի: Մեր ընտրանու երկրորդ գլխավոր թերությունը կիսապաշտպանության աջ եզրում հանդես  եկող ֆուտբոլիստների վատ խաղն էր: Երկրպագուների հիմնական հույսերից մեկը՝ Սարգիս Ադամյանը, որը փայլուն է խաղում երկրորդ Բունդեսլիգայում, հերթական անորակ հանդիպումն անցկացրեց ազգային թիմում: Ինչևէ, այստեղ հարց է ծագում՝ ինչպե՞ս կառուցել խաղը առջևի գծում, եթե Մխիթարյանը խաղա հենակետային գոտում: Եդիգարյան-Մխիթարյան հենակետային զույգի առջևում՝ ենթահարձակվողի դիրքում, տեսնում ենք Գևորգ Ղազարյանին: Կիսապաշտպանության ձախ եզրում՝ Էդգար Բաբայանին, որը Բոսնիայի դեմ փոխարինման դուրս գալով՝ բավական լավ տպավորություն թողեց: Կիսապաշտպանության աջ եզրում մեկնարկային կազմում կարելի է ընդգրկել Արաս Օզբիլիսին: Հարձակման կենտրոնում էլ տեսնում ենք Նորբերտո Բրիասկո Բալեկյանին, որը ևս լավ տպավորություն թողեց Սարաևոյում:

Խաղային այս մոդելը կարելի է կառուցել նաև երկրորդ տարբերակով: Օզբիլիսի փոխարեն կիսապաշտպանության աջ եզրում կարող է խաղալ Կամո Հովհաննիսյանը, իսկ պաշտպանության աջ եզրում՝ Հովհաննես Համբարձումյանը: Ինչ վերաբերում է պաշտպանական օղակին, ապա որոշակի վերապահումներով կարող ենք ասել, որ այն գործեց բավարար, և Ֆինլանդիայի հետ խաղում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կարծես թե չկա: Պետք է առանձնացել Հարոյանի և Չալըշըրի հաջող խաղը: Ֆինլանդիայի հետ խաղի շեմին հույս է ներշնչում նաև Բաբայանի և Բալեկյանի հաջող խաղը. նրանք վաստակել են թիմի հիմնական կազմում հանդես գալու իրավունքը:

Արդեն հայտնի է դարձել մեր թիմի հայտացուցակը: Նախորդ՝ Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի դեմ խաղի համեմատ փոփոխություններ չկան: Ահա այն.

Անշուշտ, Բոսնիա-Հերցեգովինային կրած պարտությունից հետո Հայաստանի հավաքականի մարզչական կազմը քննարկել է բոլոր սխալները և կատարել անհրաժեշտ հետևություններ:  Հավատում ենք, որ կկատարվեն անհրաժեշտ փոփոխություններ և մեր ազգային ընտրանին կկարողանա վաստակել երկար սպասված երեք միավորը:

Նախորդ հոդվածը‘Պենտագոնը թույլ է տվել 1 մլրդ դոլար օգտագործել սահմանային պատի շինարարության համար’
Հաջորդ հոդվածը‘Բոլթոնը ՌԴ-ին կոչ է արել միանալ միջազգային հանրությանը՝ օգնելու Վենեսուելային’