‘Հայկական ձկնեղենի արտահանումը դեպի ռուսաստանյան շուկա կրճատվել է’

993

Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, հակառակ իրավասու պետական կառույցների կողմից 2014 թվականին հրապարակված պաշտոնական տվյալների,  կրճատել են ձկան արտադրության և արտահանման ծավալները: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ  Արթուր Աթոյանը:

Նրա խոսքով, Հայաստանում գործող ձկնաբուծական տնտեսություններն ստիպված են կրճատել արտադրության ծավալները, քանի որ ունեն իրացման պրոբլեմներ, ընդ որում, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում: Առաջին հերթին, հայտնի պատճառներով կրճատվել է հայկական ձկնեղենի արտահանումը դեպի ռուսաստանյան շուկա: Երկրորդ, փաստորեն զրոյացել է ապրանքային ֆորելի արտադրությունը, իսկ դրա փոխարեն առաջացել է չիրացված օսետրային ձկների հավելցուկ, ինչն էլ, իր հերթին, պայմանավորված է ներքին շուկայում փոփոխված պահանջարկով:

«Միասնության կողմից իրականացվող ամենամյա հետազոտությունները միշտ էլ տարբերվում են պաշտոնական տվյալներից, չնայած, որ միանշանակորեն չեմ կարող ասել, որ պաշտոնական վիճակագրությունը սխալ է: Սակայն, մեր հաշվարկներով, հայկական արտադրության ձկան իրացումը և արտահանումն այս տարի, ստեղծված իրավիճակի պայմաններում, կարող է կրճատվել»,-նշել է Ա.Աթոյանը, հավելելով, որ հետազոտության արդյունքները կհրապարակվեն տարեվերջին:

Իսկ պաշտոնական տվյալներով, որը Միասնության ղեկավարը հնչեցրել է մամուլի ասուլիսում, ձկան արտադրությունը Հայաստանում այս տարի կազմել է մոտ 13 հազար տոննա, 2013-ի 11,4 հազար տոննայի փոխարեն, իսկ արտահանումը կազմել է 1300 տոննա, 2013-ի 1200 տոննայի փոխարեն: 

Նախորդ հոդվածը‘Ուորլիք. Հուսով եմ՝ այսօրվա հանդիպումը մեզ ավելի կմոտեցնի հակամարտության խաղաղ կարգավորմանը’
Հաջորդ հոդվածը‘Օրինական ճանապարհով Հայաստան են ներկրվել կասկածելի թարմություն ունեցող հավկիթներ’