‘Հայկ Կյուրեղյանը կրկին ոտքի չկանգնեց, դատական նիստը հետաձգվեց’

1086

Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց ամբաստանյալի փաստաբանի՝ Արա Զաքարյանի չներկայանալու պատճառով։

News.am-ի փոխանցմամբ, դատավոր Արմեն Բեկթաշյանը հայտարարեց, որ ըստ սահմանված կարգի, փաստաբանի երեք անգամ անընդմեջ չներկայանալու դեպքում դատական նիստը կարող են շարունակել առանց փաստաբանի ներկայության, եթե ամբաստանյալը նոր փաստաբան չպահանջի։

Ամբաստանյալ Հայկ Կյուրեղյանը շարունակեց նախորդ դատականն  նիստին սկսած բողոքի ակցիան ևս ոտքի չկանգնեց դատավորի նիստերի դահլիճ մտնելիս և դատավորի հետ խոսելիս։

«Ես շարունակում եմ չկանգնել, նաև հրաժարվում եմ փաստաբանից»,-ասաց Հայկ Կյուրեղյանը։

Դատավորը դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար  նկատողություն արեց Հայկ Կյուրեղյանին և ասաց, որ նման կերպ շարունակվելու դեպքում ամբաստանյալը քրեական պատասխանատվության կենթարկվի։

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին։

Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկող Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին, և կրակել ոստիկանների ուղղությամբ: Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ» և 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով:

Նախորդ հոդվածը‘Ի՞նչ կլինի «Սկյուռիկի», «Արջը հյուսիսում»-ի ճակատագրերը. Արտադրողներին մտահոգում են ԵԱՏՄ մարտահրավերները’
Հաջորդ հոդվածը‘Եղվարդի մանկապարտեզի երեխաների հոսպիտալացման պատճառը՝ դիզենտերիան է’