Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է

3654

Հարուստ ու արժանապատիվ կյանք է ապրել Մուշեղ Սաղաթելյանը որպես երկրապահ՝ այս բառի բուն նշանակությամբ. երբեւէ ոչինչ չթաքցրած, «ճակատին ասելու» քաջությամբ ու բարոյականությամբ օժտված, քաղաքական համոզմունքներում կայուն, վտանգաշատ իրավիճակներում միշտ առաջին շարքում կանգնած:

Այդպես նա Հոկտեմբերի 27-ից հետո միակն էր, որ դրա կազմակերպիչների մասով շատերի մոտ տիրապետող համոզումը բարձրաձայնեց հենց գործող նախագահի դեմքին։ Գիտեր, անշուշտ, որ իրեն դա չի ներվելու… Բայց չէր կարող չանել։

Մուշեղի ու իր ընտանիքի, 44-օրյա պատերազմում զոհված նրա որդու` Սեւակի բացառիկ հեղինակության շնորհիվ էր, որ իր հայրենի Ձորակապ գյուղում տարիներ առաջ քոչարյանական վարչակազմը նախագահական ընտրություններում ստացավ զրո ձայն:

2007 թվականից նա հենց առաջին հերթին անխառն քաղաքական համոզումներով առաջնորդվելով է, որ կանգնեց Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին ու նրա շուրջ ծավալված համաժողովրդական շարժման առաջին շարքերում։ Սա եւս նրան չէր ներվելու…

2008 թ. մարտի 1-ին Ազատության հրապարակում իշխանության հրեշավոր վայրագությունների դեմ մերկ ձեռքերով կանգնածների մեջ էր, անշուշտ, Մուշեղ Սաղաթելյանը։ Եւ հենց որպես այդպիսին՝ հրապարակում գիշերած ցուցարարների, կանանց ու երեխաների անվտանգության համար վանդալների դեմ ձեռնամարտի ելած տասնյակ ուրիշների հետ միասին հայտնվեց ոստիկանությունում՝ այլանդակ բռնաճնշումների ենթարկված։ Դատապարտվեց, դարձյալ՝ ինչպես տասնյակ ուրիշներ, ապօրինաբար մեղադրվելով ծանր հանցանքների մեջ։ Ավելի ուշ՝ 2018 թվականին, բնականաբար, արդարացվեց Եվրոպական դատարանի կողմից։

Մուշեղ Սաղաթելյանը լիակատար իրավունք ուներ իր հետագա կյանքն ապրելու գլուխը բարձր, ընկերների համախոհների, ողջ հասարակության հարգանքը վայելելով։ Ծանր հիվանդությունը, սակայն, երկար տարիներ անկողնուն գամեց նրան, եւ այսօր նա հրաժեշտ տվեց կյանքին։

Հայ Ազգային Կոնգրեսը խոր վշտով ցավակցում է Մուշեղի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին՝ վստահ, որ նրա հիշատակը չի մարի, և նրա կերպարը կապրի ու օրինակ կծառայի շատերին։

Մուշեղ Սաղաթելյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 13-ին, ժամը 17:00-20.00-ին՝ Շիրակի մարզի Ձորակապ գյուղի եկեղեցում: Հուղարկավորությունը՝ հուլիսի 14-ին, ժամը 13.00-ին՝ նույն վայրից:

Նախորդ հոդվածըԼեւոն Տեր-Պետրոսյան. պատմաբան, որը տեսնում էր գալիքը. Ալիք Մեդիա
Հաջորդ հոդվածըՀարութ Ուլոյան. Դասականը կասեր՝ իյա, իրո՞ք