‘Հայ-թուրքական սահմանին ձերբակալվել է Իրանի քաղաքացի’

1044

Հայ-թուրքական սահմանին ձերբակալվել է Իրանի քաղաքացի, ով մտադրվել էր ապօրինի հատել պետական սահմանը: ՌԴ ԱԴԾ-ի Սահմանապահ վարչությունը հայտնում է, որ իրավախախտի ինքնությունը պարզվել է: Այս կապակցությամբ ԱԴԾ ՍՎ-ի տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված է.

«Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչությանը պետական սահմանի պաշտպանության գործում իրենց ուժերի սահմաններում կամավոր հիմունքներով օգնություն են ցուցաբերում  տեղի բնակիչները, որոնք միավորված են ժողովրդական կամավորական դրուժինաներում:

Շնորհիվ զգոնության, վճռականության և ընկերական փոխօգնության՝ ձերբակալվում են պետական սահմանը, սահմանային ռեժիմը և պետական սահմանի ռեժիմը խախտողները:

Այսպես, նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Շիրակի մարզի Գտաշեն գյուղի բնակիչ Արմեն Է.-ն անհայտ անձի է հայտնաբերել, որը հետաքրքրվում էր՝ ինչպես անցնել հայ-թուրքական սահմանի կողմ:

Արմենը, լինելով կամավորական դրուժինայի անդամ, հաղորդել է սահմանապահ ջոկատին և միայնակ փորձել ձերբակալել իրավախախտին: Անհայտ անձը փորձել է փախչել դեպի պետական սահման:

Լենինականի սահմանապահ ջոկատի զինծառայողները մի քանի րոպեից փակել են պետական սահմանի այդ հատվածը: Արմենը օգնության է կանչել համագյուղացիներին և ազդանշանային համալիրից 200 մետր հեռավորության վրա անծանոթին ձերբակալել են:

Ստուգումների ընթացքում պարզվել է, որ ձերբակալվածը ԻԻՀ-ի քաղաքացի է՝ 1976 թ. ծնված: Հարցման ընթացքում  նա բացատրել է, որ մտադրվել էր ապօրինի հատել սահմանը և Թուրքիա մեկնել: Իր արարքի դրդապատճառը պարզաբանել է անձնական խնդիրներով:

Նոյեմբերի 25-ին ձերբակալվածը  հանձնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին, որոնք կպարզեն  կատարվածի բոլոր հանգամանքները:

Սա  սահմանամերձ բնակավայրերի բնակիչների խիզախության առաջին դեպքը չէ:

Այսպես, այս տարվա սեպտեմբերին Արտաշատի սահմանապահ ջոկատի հատվածում (Երասխ բնակավայրում) տեղի երկու բնակիչներ Պետրոսյան Ռաֆիկը և Դավթյան Կարոն ձերբակալել են Աֆղանստանի քաղաքացու՝ քաջություն և վճռականություն դրսևորելով: Դրուժինայի անդամներն իրենց հմուտ գործողությունների համար պարգևատրվել են արժեքավոր նվերներով:

2014 թ. կամավորական դրուժինաների անդամների մասնակցությամբ Սահմանապահ վարչության տեղամասում ձերբակալվել է 9 իրավախախտ:

Հայտնի փաստ է, որ սահմանի հուսալի պաշտպանությունն անհնար է  առանց տեղի բնակիչների մասնակցության, նրանց զգոնությունից և արիությունից է նախևառաջ կախված իրենց հարազատների անվտանգությունը:

ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ վարչությունը հատուկ շնորհակալություն է հայտնում սահմանամերձ բնակավայրերի բոլոր բնակիչներին՝ պետական սահմանի պաշտպանության գործում ցուցաբերած գործուն աջակցության համար:

Նախորդ հոդվածը‘Աբխազիան կարող է ճանաչել ԴԺՀ-ի ինքնիշխանությունը’
Հաջորդ հոդվածը‘ALDE-ում Կոնգրեսի ակտիվությունը կնպաստի Հայաստանում ազատականության տարածմանը (տեսանյութ) ‘