‘Հարկ չեն համարել. «Ժողովուրդ»’

1520

Նախօրեին Իսպանիայի ինքնավար մարզ Նավարայի խորհրդարանը հանդես էր եկել Լեռնային Ղարաբաղի հետ կապված մի հայտարարությամբ, որով կոչ էր արվում ԼՂՀ-ն դարձնել բանակցային կողմ` ընդգծելով, որ ԼՂՀ մասնակցությունն իր  ապագայի համար վճռորոշ նշանակություն ունեցող ցանկացած բանակցության պետք է դիտվի պարտադիր պայման:  «Ժողովուրդը» այս կապակցությամբ գրում  է. «Բնականաբար, այս հայտարարությունը որևէ լուրջ նշանակություն չի կարող ունենալ, բացի այն, որ ևս մեկ անգամ ԵԱՀԿ-ին, ԵՄ-ին և խնդրով շահագրգիռ այլ միջազգային կազմակերպություններին կհիշեցվի, որ Ղարաբաղը բանակցային կողմ չէ, ինչը սխալ է, և առանց որի դժվար է պատկերացնել հակամարտության կարգավորման հարցում իրական առաջընթացը:

Երեկ Հայաստանի Աժ-ում գտնվող ԼՂՀ խոսնակն այս կապակցությամբ ուշագրավ հայտարարություն է արել: Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու ԼՂՀ-ն չի հայտարարում, որ այսուհետ Հայաստանը չպետք է ներկայացնի Ղարաբաղի շահերը բանակցային սեղանի շուրջ, Աշոտ Ղուլյանն ասել է. «Հակառակ բանը կլինի. Ղարաբաղը մենակ է մնալու բանակցային գործընթացում: Մենք խոսում ենք բանակցային ֆորմատի մասին: Մենք ի սկզբանե գիտենք, որ կոնֆլիկտն ունի երեք կողմ` Հայաստան, Ադրբեջան և Ղարաբաղ»: Սա ուշագրավ է նրանով, որ ի սկզբանե հայկական դիվանագիտությունն անում էր ամեն ինչ, որպեսզի Ղարաբաղի հակամարտությունը դիտարկվեր ոչ թե որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ, այլ բացառապես Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտություն: Թե ինչպես դրա ընկալումները միջազգային հանրության կողմից փոխվեցին, արդեն իսկ անցած և հայտնի իրողություն է, սակայն այն, որ կոնֆլիկտը Հայաստան-Ադրբեջան տիրույթում է ամրագրում նաև ԼՂՀ Աժ նախագահը, դա արդեն հարցերի տեղիք է տալիս:

Թեև դատելով նույն Ղուլյանի պատասխանից՝ կապված Նազարբաևի՝ հոկտեմբերի 10-ին հիշատակված փոխզիջման հետ, ակնհայտ է դառնում, որ Ղուլյանն ընդամենը ամրագրել է իրերիս ներկայիս դրությունը, որտեղ Ղարաբաղի դիրքորոշումն առանձնապես չի կարևորվում ՀՀ իշխանությունների կողմից»: 

Նախորդ հոդվածը‘Թափառող շների հարցը արդիական է նաև Եղեգնաձորում’
Հաջորդ հոդվածը‘Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կրկին դժվարանցանելի է, մնացած ճանապարհները բաց են’