‘Հերթական «վեչեն» Գերագույն ռադայի շենքի մոտ’

2259

Կիևում, Գերագույն ռադայի շենքի մոտ, կիրակի օրը կայացել է հերթական ժողովրդական «վեչեն», որը կազմակերպել էր Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի մարզի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին:

Ուկրաինայի ազգային ոստիկանության Կիևի վարչությունը հաղորդել է, որ խորհրդարանի շենքի մոտ հավաքվել է մոտավորապես 400 մարդ, ընդ որում՝ տեղում հերթապահություն են իրականցրել առնվազն 700 ոստիկաններ և զինվորականներ:

Ակցիայի ընթացքում Սաակաշվիլին նոր պահանջներ է ներկայացրել իշխանություններին: Վեչեի ընթացքում նա թռուցիկներ է բաժանել ցուցարարներին՝ առաջարկելով այդ պահանջները ներկայացնել նախագահ Պոռոշենկոյին և պատգամավորներին: Ցուցակում, մասնավորապես, նշված են՝ օրենք իմպիչմենտի մասին, օրենք նախագահի և պատգամավորների արտահերթ ընտրությունների մասին, հրազենի օրինականացում, Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցում, ինչպես նաև Դոնբասի տարածաշրջանի բնակիչների ընտրական իրավունքի սահմանափակում: «Մենք իշխանություններին ժամանակ ենք տալիս մինչև նոյեմբերի 7-ը… երբ նրանք վերադառնան իրենց կղզիներից… և սկսեն կատարել մեր պահանջները»,- հայտարարել է Սաակաշվիլին: Քաղաքական գործիչն ընդգծել է, որ եթե ցուցարարների պահանջները չկատարվեն, բողոքի ցույցերը Սահմանադրության հրապարակից կտեղափոխվեն «այլ վայր»: Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները ժողովրդի ձայնը լսում են միայն Անկախության հրապարակից:

Նախորդ հոդվածը‘Իրաքյան Քրդստանի նախագահը պատրաստվում է հրաժարական տալ’
Հաջորդ հոդվածը‘2018-ին 5,5 հազար մարդ կկրճատվի պետապարատից’