‘ՀՀԿ-ական պատգամավորը չի բացառում արտահերթ ընտրությունների հնարավորությունը’

1859

Ազգային Ժողովում 2015-ի պետբյուջեի քննարկման ժամանակ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին` որքա՞ն գումար է նախատեսված հաջորդ տարի ակնկալվող արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Մուկուչյանը խուսափեց ուղիղ պատասխանից, իսկ ԱԺ պետա-իրավական հարցերի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց, որ ընտրությունների համար գումար կհատկացվի 2017 և 2018 թվականներին, երբ նախատեսված են հերթական ԱԺ և նախագահի ընտրություններ:

iLur.am-ը Հովհաննես Սահակյանի հետ զրույցում հիշեցրեց, որ համաձայն Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի` նախագահի համընդհանուր ընտրություն չի լինելու, կրճատված լիազորություններով նախագահին ընտրելու է ԱԺ-ը:

-Դուք, խոսելով հերթական ընտրությունների մասին, նշեցիք 2018-ը` որպես նախագահի ընտրության տարի: ՀՀԿն չի՞ հավատում սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության հաջողությանը:

-Մենք խոսում ենք այն փաստերի մասին, որոնք օրենսդրությամբ սահմանված են: Սահմանադրական բարեփոխումները գտնվում են բացառապես Սերժ Սարգսյանի իրավասության ներքո: Նախաձեռնողն ինքն է, և սահմանադրական բարեփոխումների ճակատագիրը որոշողն ինքն է: Երբ որ կորոշվի, որ բարեփոխումները պետք է դրվեն հանրաքվեի, հանրաքվեի արդյունքում ինչ բարեփոխում, ինչ նախագիծ կընդունվի, մասնավորապես` կառավարման ձևի փոփոխման կգնանք, թե չենք գնա, կամ ինչ կառավարման ձև կլինի, էդ ժամանակ մենք կկարողանանք խոսել սահմանադրական բարեփոխումների հետ կապված հանրաքվեի մասին: Այս պահին դա ակտուալ չէ, որովհետև օրենսդրական ակտերի միջոցով սահմանված չէ, որ մենք պետք է անպայման սահմանադրական հանրաքվե անցկացնենք:

-Այսինքն, սահմանադրական բարեփոխումներն այս պահին ակտուալ չե՞ն:

-Չենք կարող մենք այս պահին բյուջեում նախատեսել ծախսեր, որովհետև դա նախագահի լիազորությունների տիրույթում գտնվելով` սահմանված չէ, թե երբ կլինի: Բացի քաղաքական գործիչ լինելուց, մենք նաև իրավաբաններ ենք, ովքեր պետք է ընդունեն բացառապես ՀՀ Սահմանադրությունը և օրենքները: ՀՀ Սահմանադրությամբ հաստատված է արտահերթ ընտրությունների կարգ: Սահմանված է նաև օրենքներով և օրենսդրական ակտերով, թե երբ են նախատեսվում հերթական հաջորդ  համապետական ընտրությունները: Այսօրվա դրությամբ համապետական հերթական ընտրությունները 2017 և 18 թվականներին են: Բնական է, որ ընթացքում կարող են լինել այլ իրադարձություններ, որը չեմ բացառում:

-Արտահերթ ընտրություննե՞րը նկատի ունեք:

-Նաև` արտահերթ ընտրությունները, ինչու ոչ: Բայց մենք չենք կարող 2015-ի համար պլանավորել արտահերթ ընտրություններ, չենք կարող պլանավորել սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվե, որովհետև այդ բարեփոխումները կարող են տեղի ունենալ ասենք` 16 թվականին կամ 17 թվականին: Դրա համար մենք բյուջեի շրջանակներում քննարկում ենք այն խնդիրները, ծախսերը, որոնք նախատեսված են 15 թվականի համար: Իսկ մնացածը բարի ցանկությունների շարքից է: Օրինակ` նույն Զարուհի Փոստանջյանը, որը խոսում է արտահերթ ընտրությունների մասին, որքան գիտեմ` Եռյակի հանրահավաքներին չի մասնակցում:

-Իսկ արտահերթ ընտրությունների դեպքում որտեղի՞ց են միջոցներ հատկացվելու:

-Պահուստային միջոցներ կան, որոնք կիրառվում են նման դեպքերում:  

Նախորդ հոդվածը‘Էնրիկե Սերեսո. «Ես անչափ զարմացա, որ «Ռեալ»-ը նախորդ մրցաշրջանի համար ավելի շատ մրցանակ ստացավ, քան «Ատլետիկոն»»’
Հաջորդ հոդվածը‘Մեսսին հիվանդ երեխաների օրը անմոռանալի է դարձրել(տեսանյութ)’