‘ՀՀԿ-ին խստիվ արգելվում է զանգվածային միջոցառումներ անցկացնել’

1462

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 17-ին, ժամը 21.25-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.44-ին, մարվել՝ 23.26-ին:

Ամբողջությամբ այրվել է 2-րդ հարկում գտնվող շոգեբաղնիքը՝ 45 քմ և ջերմահարվել է հարևանությամբ գտնվող հանդերձարանը՝ 45 քմ մակերեսով:

Նշենք, որ հրդեհի պահին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում էր ՀՀԿ-ի կազմակերպած ուսանողության միջազգային օրվան նվիրված միջոցառումը:

Հիշեցնենք նաև, որ ուսանողների մասնակցությամբ ՀՀԿ-ի վերջին զանգվածային միջոցառումը ավարտվել էր հրդեհով. Հանրապետության հրապարակում բռնկվել էին գազով լցված փուչիկները, ինչի հետևանքով մոտ 90 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց:

Ուշագրավ է նաև, որ 2011թ. ուսանողների մասնակցությամբ նույնանման միջոցառման ժամանակ հարբած ելույթ էր ունեցել այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Մի խոսքով՝ ՀՀԿ-ին խստիվ արգելվում է ուսանողների մասնակցությամբ զանգվածային միջոցառումներ անցկացնել՝ «շառից փորձանքից հեռու»:

Նախորդ հոդվածը‘Կոռուպցիայի դեմ պիտի պայքարեն նրանք, ովքեր կոռուպցիայի մեծ փորձ ունեն. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Օրենսդրական վերջին փոփոխությունն ուղղակիորեն նպաստում է կոռուպցիոն գործարքների ծածկմանը. Արա Զոհրաբյան («Ժողովուրդ»)’