‘ՀՀ-ում արտադրվող ալյուրը կհարստացվի ֆոլաթթվով և երկաթով’

1105

Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որի ընթացքում գործադիրի հավանությանն են արժանացել «Ցորենի ալյուրի հարստացման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Սահմանվում են հացամթերքների արտադրության մեջ օգտագործվող ալյուրի հարստացման, սննդամթերքի անվտանգության ապահովմանը ներկայացվող պահանջները, ոլորտում իրավաբանական և ֆիզիկական անձանց պարտականությունները:

Օրենքի ընդունմամբ բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը 30 և ավելի տոննա հզորություն ունեցող ալրաղացներում կենթարկվի հարստացման, որի արդյունքում կբարելավվեն երեխաների, վերարտադրողական տարիքի կանանց, ինչպես նաև չափահասների առողջության ցուցանիշները՝ կապված երկաթի և ֆոլաթթվի անբավարարության հետևանքով առաջացող հիվանդությունների նվազման հետ: «Այդպիսի հիվանդություններից են սակավարյունությունը, երեխաների մոտ ցմահ հաշմանդամություն առաջացնող նյարդային խողովակի բնածին արատները և սիրտ-անոթային հիվանդությունները»,-կառավարության նիստին ասել է առողջապահության նախարարը: Նրա խոսքով՝ նախադպրոցական տարիքի երեխաների և վերարտադրողական տարիքի կանանց մոտ սակավարյունության տարածվածության մակարդակը շատ բարձր է` 37% և 25%, իսկ ցմահ հաշմանդամություն առաջացնող ողնուղեղային ճողվածքի ցուցանիշը 4 անգամ գերազանցում է միջին պոպուլյացիոն ցուցանիշը: Ընդհանուր մահացության կառուցվածքում մահվան պատճառների 48%-ը բաժին է ընկնում սիրտ-անոթային հիվանդություններին:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Վանոյին` բաժակը ձեռքիս’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Ադրբեջանական սադրանք’