‘Հովիկ Աբրահամյանի ընկերությունը զարգանում է, իսկ մրցակիցներն՝ սնանկանում ‘

2605

Արարատի պահածոների գործարանը, որը 2003 թվականին վերանվանվել է Հայաստանի «Բորոդինո» պահածոների գործարան ՍՊԸ-ի` «Долина Вкуса» ապրանքանիշով, բախվել է ֆինանսական լուրջ պրոբլեմների հետ: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, տեղեկացնում է ԱրմԻնֆոն:

Նրա խոսքով, ունենալով վերցրած վարկեր, ընկերությունը բախվել է ֆինանսական ռեսուրսների ներգրավման պրոբլեմին` ֆերմերներից մթերված մրգերի ու բանջարեղենի դիմաց վճարումներ իրականացնելու առումով: Բայց եթե կան վարկային պարտավորություններ, դա չի նշանակում, որ գյուղացին պետք է դրանից տուժի, նշել է Մակարյանը:

Այստեղ հարկ է նշել, որ պահածոների արտադրության շուկայի ներկա առաջատարը «ԱրտՖուդ» ընկերությունն է, որը, ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի համատեղ «բիզնեսն» է: Ինչպես այսօր գրում է «Ժողովուրդ» օրաթերթը, բարձրաստիճան պաշտոնյա սեփականատիրոջ ընկերությունը զարգանում է, իսկ նրա մրցակիցներն աստիճանաբար սննկանում են. սա էլ հայկական ազատ մրցակցության արդյունքն է:

Թերթի հետ զրույցում ընկերության փոխտնօրեն Սիսակ Աղայանը նշել է, որ իրենք խնդիրը լուծելու համար փորձել են վարկ վերցնել Հայաստանյան բանկերից, բայց ապարդյուն:

Իսկ «Արտֆուդ»-ը վարկ ստանալու հետ ոչ մի պրոբլեմ չունի. գործարանը 2012թ. հոկտեմբերին մինչև 2017թ. մարման ժամկետով 300 միլիոն դրամի վարկ է ստացել ՓՄՁ ներդրումների ՈւՎԿ ՓԲԸ-ից: Վարկի երաշխավորը եղել է Արգամ Աբրահամյանը:

Ինչպես գրում է hetq.am-ը. «Արտֆուդ» ՍՊԸ-ն՝ նույն ինքը Արտաշատի պահածոների գործարանը, Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի բիզնեսն է: Այս ընկերությունում Արգամի գործընկերը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի որդին է՝ Վաչագան Կարապետյանը: Նրանք ընկերությունում ունես հավասարաչափ բաժնեմասեր: 

Նախորդ հոդվածը‘ ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 414.70 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Երվանդ Զախարյան. Այսպես աշխատել այլևս հնարավոր չէ’