‘Հրաշամանուկ քաղաքապետն ու տարօրինակ գրադարանավարները’

2036

Երեւանի քաղաքապետարանի ավագանին երեկվա նիստում հաստատեց քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին՝ նիստի թիվ 7 որոշումը: Բուռն քննարկումների ժամանակ ավագանու ընդդիմադիր հատվածը նշում էր, որ աշխատավարձերի բարձրացման համար հատկացվող  շուրջ 724 միլիոն դրամը քաղաքը կարող է ծախսել այլ կարիքներ հոգալու վրա:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հակադարձելով ընդդիմախոսներին, նշեց, որ որոշումը վերաբերում է 7000 մարդու աշխատավարձերի բարձրացմանը, եւ զգուշացրեց, թե մարդիկ տեսնելու են, թե ինչ «չուզողություն» են անում ընդդիմադիրները: Իրականում, սակայն, թիվ 7 որոշումը վերաբերում էր միայն 1700 մարդու աշխատավարձերի բարձրացմանը:  Թե որտեղից էր քաղքապետը վերցրել 7000 թիվը, այդպես էլ չպարզվեց:

Արդեն նիստից հետո լրագրողների հետ զրույցում փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը նշեց, որ աշխատավարձերի բարձրացումը սոցիալական խնդիր է լուծում:  

Միեւնույն ժամանակ,  մոտալուտ ձմեռվանից առաջ նա ապահովագրեց քաղաքապետարանին՝ «Չորրորդ իշխանության» լրագրողին տեղեկացնելով, որ «մենք ձմռանը պատրաստվում ենք այնքան, որքան ռեսուրսներ ունենք»: Այսինքն, եթե եկող ձմռանը երեւանցիները սովորականի նման սառցակալած մայթեր ու կիսամաքրված փողոցներ տեսնեն, պետք է հիշեն, որ քաղաքապետարանի ռեսուրսները սահմանափակ են:

Բայց աշխատավարձերը բարձրացնելու դեպքում ռեսուրսների սղությունը երկրորդական է դառնում՝ չէ՞ որ բարձրացվել են մանկապարտեզների եւ գրադարանների աշխատակիցների աշխատավարձերը եւս: Ընդ որում, եթե քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրանում են վերջին 5 տարիների ընթացքում արդեն երկրորդ անգամ, ապա գրադարանավարներինն ու մանկապարտեզների աշխատակիցներինը՝ առաջին անգամ վերջին տասը տարում:

Ավելին, ըստ փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի՝ եթե քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերը բարձրանում են 15%-ով, ապա մանկապարտեզների դայակ-դաստիարակների եւ գրադարանավարների աշխատավարձերը՝ ամբողջ 20%-ով (՛): Մինչդեռ, այստեղ մի «հաստ» նրբություն կա. եթե, ասենք, նույն Վահե Նիկոյանի աշխատավարձը, որը մինչեւ բարձրացումը կազմում էր 385 հազար դրամ, 15%-ով բարձրանալու դեպքում կազմում է 443 հազար դրամ (58 հազարով ավելի), ապա շարքային գրադարանավարը, որը  սովորաբար նվազագույն աշխատավարձ է ստանում՝ 45 հազար դրամ, այս՝ 20%-ով բարձրացումից հետո կստանա, ուշադրություն՝ 54 հազար դրամ, նախկինից 9 հազար դրամով ավելի եւ ընդամենը 2 հազար դրամով պակաս՝ նվազագույն սպառողական զամբյուղի չափից:

Թե ո՞ր սոցիալական խնդիրը պետք է լուծի շարքային գրադարանավարն այս լրացուցիչ 9 հազար դրամով, եւ թե որտեղից պետք է հայթայթի նվազագույն զամբյուղը լցնելու համար անհրաժեշտ 2 հազար դրամը՝ քաղաքապետարանը չի ասում:

Բացի դրանից, ինչպես արդեն նշեցինք, գրադարանների եւ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը բարձրանում են առաջին անգամ վերջին տասը տարում՝ 20%-ով: Մինչդեռ, Հայաստանում տարեկան գնաճը նույն ժամանակահատվածում միջինը մոտ 6 % է կազմում, տասը տարվա ընթացքում՝ 60%:  Չհաշված, որ վերջին ամսվա ընթացքում դրամի կտրուկ արժեզրկման հետեւանքով ներմուծված ապրանքների գները անխուսափելիորեն բարձրանալու են՝ առնվազն դրամի արժեզրկմանը համարժեք: Այսինքն, աշխատավարձերի ավելացված 20%-ը հալվելու է այնպես, ինչպես ամեն գարուն քաղաքի մայթերի ձյունն է հալվում՝ ինչքան էլ որ քաղաքապետարանը խնայած լինի դրա մաքրման վրա:  Ինչպես ասում են՝ երկու երնեկ մի տեղ չի լինում՝ կա՛մ նվազագույն աշխատավարձ ստացիր, ինչպես տասը տարի շարունակ, կամ՝ հաշտվիր դրամի արժեզրկման փաստի հետ: 

Զարմանալ կարելի է, թե ինչու մեր մանկապարտեզների դայակները աշխատանքին զուգահեռ չեն զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ գրադարանավարները մասնաբաժիններ չեն ձեռք բերում տարբեր շահութաբեր կազմակերպություններում:  Չէ՞ որ մեր երկրում կա՛ն դեպքեր, երբ մարդը, նույնիսկ երիտասարդ տարիքից ի վեր ակտիվորեն հանրային ծառայության բնագավառում աշխատելով, կարողանում է նաեւ գլխապտույտ հաջողություններ գրանցել ձեռնարկատիրական գործունեության մեջ: Այնպես, ինչպես 35-ամյա  միլիոնատեր քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը 23 տարեկանից ի վեր բացառապես համայնքային եւ պետական ծառայող լինելով հանդերձ, հասցրել է անգամ՝ պաշտոնական տվյալներով, «դոլարային» մուլտիմիլիոնատեր դառնալ:

Ի դեպ, միլիոնատեր քաղաքապետի աշխատավարձը այս որոշման արդյունքում նույնպես ավելացել է՝ կազմելով 575 հազար դրամ: Այս գումարով Տարոն Անդրանիկովիչը ոչ միայն կարող է տասն անգամ լցնել իր նվազագույն սպառողական զամբյուղը, այլեւ՝ 1000 լիտր «սուպեր» կարգի բենզին լցնել իր $80.000 արժողությամբ «Մերսեդեսի» մեջ: Իսկ մնացած մանր –մունր ծախսերը՝ «բիզնես-կլասով» արտասահմանյան ուղեւորությունները, էկզոտիկ ճաշկերույթները եւ մարմինն ու հոգին հարստացնող այլ գործողությունների ծախսերը  կարող են հոգալ նրա սիրասուն ու ոչ պակաս տաղանդավոր ազգականները:
Իսկ շարքային գրադարանավարն ու մանկապարտեզի դաստիարակը կշարունակեն աշխատանքի գնալ՝ կռացած գարշահոտ երթուղայիններում (որոնց մի մասն էլ, ի դեպ, նույն միլիոնատեր քաղաքապետին ու նրա մտերիմ-հարազատներին է պատկանում), հայկական խոհանոցի հարուստ բազմազանությունից կնախընտրեն խաշած կարտոֆիլն ու արդեն համաշխարհային մշակութային ժառանգության նմուշ ճանաչված լավաշը, մոլորակի ընդերքը խնայելու նպատակով կհրաժարվեն բնակարանները գազով տաքացնելու հոռի սովորությունից եւ վերահաս ձմեռվանից առաջ հերթական անգամ կոշկակարին ցույց կտան հարազատ դարձած կոշիկները, որոնք առաջին անգամ հագել են այն ժամանակ, երբ Տարոնը ժիր ու աչքաբաց մի պատանի էր սոսկ:

Պանդուխտ Արարատյան   

Նախորդ հոդվածը‘Ավարտվել է անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը’
Հաջորդ հոդվածը‘Սոց.ապահովության պետծառայությունում տեղի ունեցած յուրացումների գործով երկու ամբաստանյալ փոխհատուցել են պետությանը պատճառված վնասը’