‘ՃՏՊ-ների մտահոգող վիճակագրություն’

984

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի asparez.am կայքը անդրադարձել է վերջին 6 տարիների ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությանը: Կայքը գրում է, որ ասել, թե պատկերը մտահոգող է, նշանակում է ոչինչ չասել:

Ոստիկանությունից ստացած կայքի տեղեկությունները ներկայացնում ենք ստորեւ:

Մարմնական վնասվածքների ամենաքիչ դեպքերը գրանցվել են 2010 թվականին՝ 2670, իսկ առավելագույնը 2013-ին՝ 3994: Վեց տարում տեղի ունեցած ՃՏՊ-ներում արձանագրվել է 19639 մարմնական վնասվածքի դեպք, տարեկան միջին հաշվով 3272 հոգի մարմնական վնասվածք է ստացել, սա բնակչության մոտ 0,1 տոկոսն է, կարելի է ասել, որ տարեկան յուրաքանչյուր 950 հոգուց մեկը մարմնական վնասվածք է ստանում ճանապարհատրանսպորտային պատահարներում:

ՃՏՊ-ներում մահվան դեպքերի թիվը վերջին 4 տարիներին կայուն է մնում. անցած 6 տարում ՃՏՊ-ներում մահվան դեպքերի ամենաբարձր ցուցանիշը եղել է 2008-ին՝ 407 հոգի, ամենացածրը՝ 2010-ին՝ 294 դեպք, իսկ հաջորդած տարիներին 327, 311, 316: Առայժմ դժվար է բացատրություն գտնել այն բանի, թե ինչով էր 2010 թվականը առանձնահատուկ, որ այդ տարում ՃՏՊ-ների թիվն ամենանվազն էր եւ՝ դրանով պայմանավորված՝ մահվան եւ մարմնական վնասվածքների դեպքերն էին սակավ:

6 տարվա բոլոր ՃՏՊ-ների 42 տոկոսը արձանագրվել է մայրաքաղաքում, իսկ մնացածը՝ մարզերում: Միաժամանակ, այդ նույն ՃՏՊ-ներում մարմնական վնասվածք ստանալու դեպքերի միայն 37,4%-ն է պատահել Երեւանում, իսկ 62,5%-ը՝ մարզերում; Եւ սրա համանմանությամբ. 6 տարվա ՃՏՊ-ներում մահվան դեպքերի 23%-ն է եղել Երեւանում, իսկ մնացած 76,9%-ը մարզերում: Սա կարելի է բացատրել այն հանգամանքով, որ մարզերը ներառում են միջհամայնքային եւ միջպետական՝ համեմատաբար արագընթաց ճանապարհները եւ դրանցում տեղի ունեցող պատահարների ժամանակ կյանքի եւ առողջության ռիսկերը համեմատաբար մեծ են, քան բնակավայրերում տեղի ունեցող վթարների ժամանակ է:

Վերջին վեց տարվա վիճակագրության համաձայն, Հայաստանում տեղի ունեցած 1000 ՃՏՊ-ում զոհվում է միջին հաշվով 142 մարդ, ընդ որում՝ Երեւանում՝ այդ ցուցանիշը 78 է, իսկ մարզերում՝ 189: Սրա հետ մեկտեղ՝ 1000 ճանապարհատրանսպորտային պատահարում մարմնական վնասվածք է ստանում միջին հաշվով 1410 հոգի, Երեւանում՝ 1260 մարդ, իսկ մարզերում 1520 մարդ:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդու. Մրցակիցը եկել էր այստեղ ոչինչ չանելու համար’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը որոշել է մասամբ փոխհատուցել սահմանամերձ համայնքների սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները ‘