‘ՄԱԿ. «Բոկո Հարամը» կես տարվա ընթացքում մահապարտ է դարձրել 50 երեխայի’

2309

Նիգերիայի իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման գրոհայինները վերջին կես տարվա ընթացքում մահապարտ ահաբեկիչ են դարձրել 50 երեխայի, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ՛Բրայենը:

Նրա խոսքով՝ մահապարտ երեխաները ահաբեկչական գործողություններ են իրականացրել աֆրիկյան չորս երկրներում: Օ՛Բրայենը խմբավորմանը մեղադրել է Նիգերիայում գործած «համարյա աներևակայելի» բռնությունների և դաժանությունների մեջ:

ՄԱԿ-ի գնահատականներով՝ «Բոկո Հարամի» գործունեության պատճառով գրեթե 9 մլն մարդ հումանիտար օգնության կարիք ունի, որից 7 մլնը նիգերիացիներ են::

2,8 մլն մարդ ստիպված են եղել լքել իրենց տները,  Բոռնո նահանգում, որը նախկինում գրոհայինների վերահսկողության տակ էր, սովի  է մատնված 250 հազար երեխա: Եվ եթե նրանց ժամանակին օգնություն չտրամադրվի, ապա այս տարի նրանցից յուրաքանչյուր հինգերորդը կարող է մահանալ, ասել է Օ՛Բրայենը:

«Բոկո Հարամը» զինված գործողություններ է սկսել 2009 թ.: Այդ ժամանակից ի վեր խմբավորման գրոհայինները սպանել են հազարավոր և առևանգել հարյուրավոր մարդկանց:

 2015 թ. մարտին «Բոկո Հարամի» անդամները միացան «Իսլամական պետություն» խմբավորմանը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ֆրանցիսկոս պապ. «Աշխարհը գտնվում է պատերազմական վիճակում»’
Հաջորդ հոդվածը‘Օբաման Քլինթոնին համարում է ԱՄՆ նախագահի լավագույն թեկնածուն’