‘ՄԱԿ-ում ՀՀ դեսպան. Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկի Խոջալուի, Բաքվի, Սումգայիթի ջարդարարներին’

920

Փետրվարի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) տեղի է ունեցել «Զինված հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանությունը» խորագրով բաց քննարկում:

ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը քննարկման ընթացքում իր մտահոգությունն է հայտնել Սիրիայում վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ: Նա դատապարտել է բոլոր տեսակի ոտնձգություններն ու ահաբեկչական գործողությունները Սիրիայի խաղաղ բնակչության դեմ` խորը մտահոգություն հայտնելով նաև սիրիահայ համայնքի վիճակի կապակցությամբ, նշելով, որ Հայաստանը շարունակում է ընդունել Սիրիայից փախստականներին, որոնք խորապես անհանգստացած են իրենց երկրում ահագնացող բռնություններով:

Անդրադառնալով մինչ այդ քննարկմանը Ադրբեջանի ԱԳ նախարարի կողմից հնչեցրած անպատասխանատու հայտարարություններին` դեսպան Նազարյանը հայտնել է, որ իր համար անակնկալ չէր երկար տարիներ Բաքվի կողմից կիրառվող փաստերի աղավաղման պրակտիկան: Նա հավելել է, որ ժամանակն է եկել փոխարինելու քարոզչության այդ անփոփոխ հռետորաբանությունն ու սին մեղադրանքները կառուցողական քայլերով, որոնք նպաստավոր միջավայր կստեղծեն հարցի խաղաղ կարգավորման համար: Կարեն Նազարյանը հիշեցրել է Խոջալու բնակավայրում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ այդ ժամանակաշրջանի Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հայտնի հարցազրույցը, որտեղ վերջինս մեղադրում է ադրբեջանական ընդդիմությանը իշխանությունը զավթելու նպատակով սեփական ժողովրդի նկատմամբ սպանդ իրականացնելու գործում:

Դեսպանը շարունակել է, թե Ադրբեջանը պատասխանատվության պետք է ենթարկի այն անձանց, որոնք իրականացրել են Խոջալուի սպանությունները, ինչպես նաև 80-ականների վերջին ու 90-ականների սկզբին Ադրբեջանի տարբեր քաղաքներում հայերի դեմ վայրագությունները: ՀՀ մշտական ներկայացուցիչը մասնավորապես նշել է. «Ուղիղ 25 տարի առաջ, ի պատասխան Արցախի ժողովրդի խաղաղ ու ինքնորոշման իրավունքի սահմանադրական պահանջին, ադրբեջանական իշխանությունները ջարդեր իրականացրեցին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում բնակվող անպաշտպան հայերի դեմ: Վայրագություններն իրականացվեցին հայ փոքրամասնության նկատմամբ, ովքեր խաղաղ ապրում էին իրենց տանը, և, ովքեր հարձակման ենթարկվեցին միմիայն իրենց էթնիկ պատկանելիության համար: Այնուհետև Բաքվում, Կիրովաբադում և ադրբեջանական այլ քաղաքներում իրականացվեցին առավել վայրագ ու զանգվածային կոտորածներ` հանգեցնելով շուրջ կես միլիոն հայերի էթնիկական զտումների և տեղահանության»:

Կարեն Նազարյանն այնուհետև հիշեցրել է ԱԽ-ին, որ այդ վայրագություններին հետևել են Ադրբեջանի ռազմական գործողություններն ու հարձակումները, որոնք նպատակ ունեին ռազմական լուծում տալու ԼՂ հարցին` տարածաշրջանում սանձազերծելով ագրեսիա Արցախի հանդեպ:

Հայաստանի դեսպանը կրկին անգամ ԱԽ ուշադրությունն է հրավիրել առ այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս կոչ են արել ԼՂ հակամարտության կողմերին իրականացնել փոխվստահության ամրապնդման միջոցառումներ` չեզոքացնելու սահմանամերձ շրջանների քաղաքացիական բնակչության դեմ ուղղված վտանգը` առաջարկելով հեռացնել դիպուկահարներին շփման գծից և հրադադարի դեպքերի խախտման համար ստեղծել հետաքննող մեխանիզմներ: 

Կարեն Նազարյանն իր խոսքն ավարտել է` հայտնելով Հայաստանի հանձնառությունը խաղաղարար գործընթացին, նշելով նաև, որ հիմնահարցերը պետք է կարգավորվեն միմիայն խաղաղ ճանապարհով միջազգային իրավունքի սկզբունքի հիման վրա:

Նախորդ հոդվածը‘Արտաշատում ՀԱԿ ներկայացուցիչ. ՀՀԿ-ին տեղեր տրամադրելու մասին խոսք չի կարող լինել’
Հաջորդ հոդվածը‘Դուրս են գալիս «Ազատություն» կուսակցությունից՝ նախագահի դիրքորոշման պատճառով’