Մայամիում մահացել է Ֆիդել և Ռաուլ Կաստրոների կրտսեր քույրը

270

Կուբայի նախկին առաջնորդներ Ֆիդել և Ռաուլ Կաստրոների կրտսեր քույրը՝ 90-ամյա Խուանիտան, մահացել է Մայամիում։

Խուանիտա Կաստրոն 60-ական թթ․ կեսերից ապրում էր ԱՄՆ-ում և պայքարում էր իր եղբայրներին գահընկեց անելու և Կուբայի ռեժիմը փոխելու համար։

Խուանիտա Կաստրոն Կուբայից հեռացել էր 1964 թ․, մոր մահից մեկ տարի անց, 1959 թ․ Կուբայի հեղափոխությունից հետո եղբայրների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Նա բնակություն էր հաստատել Մայամիում, որտեղ մինչև 2007 թվականը ղեկավարում էր դեղատան աշխատանքը։

Նա ակտիվորեն պաշտպանում էր Կուբայի ռեժիմի հակառակորդներին և համագործակցում էր նույնիսկ ԿՀՎ-ի հետ։

Ինչպես Խուանիտա Կաստրոն գրում է իր հուշերում՝  ինքը հիասթափվել է եղբայրներից այն բանից հետո, երբ նրանք «դավաճանել էին դեմոկրատական սկզբունքներին», ինչպես նաև  իրենց քաղաքական հակառակորդների սպանությունների պատճառով։

 «Ֆիդելը և Ռաուլը՝ եղբայրներս, գաղտնի պատմություն» վերնագրով հուշագրության մեջ Խուանիտան պնդում է, որ ինքը  1959 թ․ հեղափոխությունից երկու տարի անց հավաքագրվել է Հավանայում ԿՀՎ-ի կողմից։ «Դոննա» կոդային անվամբ նա երեք տարի զբաղվել է ԱՄՆ-ի համար գաղտնի տվյալների հավաքագրմամբ՝ Կուբայի կառավարությանը տապալելու նպատակով։

Խուանիտայի ավագ եղբայրը՝ Ֆիդելը, 90 տարեկանում մահացել է Հավանայում 2016 թ․։ Խուանիտան չի մասնակցել եղբոր հուղարկավորությանը։

Ռաուլ Կաստրոն այժմ 92 տարեկան է և շարունակում է ապրել Կուբայում։

Նախորդ հոդվածըԶախարովա․ Լավրովի խնդրանքը ԵԱՀԿ նիստում հասցեագրված էր լուսանկարչին
Հաջորդ հոդվածըԻրանի նախագահը դեկտեմբերի 7-ին կայցելի Մոսկվա