‘Մարինե Պետրոսյան. Անել էսօրվա հնարավորը՝ նշանակում ա հասնել նրան, որ վաղն ավելի շատ բան դառնա հնարավոր ‘

1700

Բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանն ի բլոգում խոսել է հոկտեմերի 24-ին Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքից իր ակնկալիքների մասին:

Անցած հանրահավաքի մասին գրածիս վերջում դրել էի՝ «շարունակելի» (ԽՈՀԵՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՑ ՀԵՏՈ), բայց խառն էի շատ, մինչեւ ժամանակ գտա, դարձավ ամսի 23-ը՝ վաղվա հանրահավաքի նախօրյակը, ու հիմա արդեն ճիշտ կլինի ոչ թե նախորդի մասին գրեմ, այլ հաջորդի՝ թե ինչ եմ ես անկնկալում դրանից։

Ես ակնկալում եմ, որ էս անգամ ավելի շատ մարդ կլինի, քան նախորդի ժամանակ։ Ուրեմն էլ ավելի խիտ կլինի։ Արդեն անցած անգամ՝ էնքան խիտ էր, որ դժվար էր հրապարակի մի կողմից դեպի մյուսն անցնելը։ Ես հանրահավաքների ժամանակ մի տեղում կանգնած մնալ չեմ սիրում, սովորաբար շրջում եմ ամբողջ տարածքով մեկ։ Ու քանի որ միշտ շրջել եմ, գիտեմ, որ հետեւի շարքերը սովորաբար խիտ չէին լինում, առանց նեղություն տալու հնարավոր էր լինում շարժվել մարդկանց արանքով։ Բայց հոկտեմբերի 10-ին հետեւի շարքերն էլ էին խիտ։ Վաղը եթե էլ ավելի շատ մարդ լինի, ստիպված պետք ա կամ մեխվեմ տեղումս, կամ էլ անընհատ ներողություն ներողություն ասեմ։ Բայց ոչինչ, կդիմանամ։

Ես ակնկալում եմ, որ վաղը ոչ միայն շատ շատ մարդ կլինի, այլ նաեւ՝ շատ տարբեր մարդիկ կլինեն։ Ակնկալում եմ, որ կգան շատերը էն մարդկանցից, որոնք հանրահավաքներին միշտ գալիս էին, բայց անցած անգամ որոշեցին չգալ։ Ու չնայած անցած երկու շաբաթում լրատվական դաշտը հեղեղված էր ապատեղեկատվությամբ՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքի մասին, մեկ ա, բոլորի համար արդեն պարզ ա, որ անցած հանրահավաքը լուրջ էր ու ծանրակշիռ, դրա համար էլ մտածում եմ, որ անցած անգամ չեկածներից շատերը կգան էս անգամ։

Ես ակնկալում եմ, որ Ծառուկյանը, խոսելով վաղվա հանրահավաքում, կներկայացնի տնտեսությունը փակուղուց դուրս բերելու ծրագիր։ Ես դա հնարավոր եմ համարում եւ սպասում եմ դրան։ Էս վերջին օրերին հաճախ խոսք ա լինում Ծառուկյանի մասին, ես ասում եմ սա, ու խոսակիցներիցս ոմանք առարկում են՝ «բայց Ծառուկյանը լիքը փող ունի, ինչքան էլ տնտեսությունը քայքայվի, ինքը սոված չի մնա մեկ ա, ուրեմն ինչո՞ւ պետք ա ուզենա ինչ-որ բան փոխել»։ Ես դրա հետ համաձայն չեմ։ Ես վստահ եմ՝ Հայաստանի ծանր տնտեսական վիճակից բոլոր հայաստանցիներն են տուժում, ոչ թե միայն չունեւորները։ Ես վստահ եմ՝ տնտեսական փլուզումը խփում ա ոչ միայն մանր ու միջին, այլ նաեւ խոշոր բիզնեսին, եւ առաջին հերթին՝ արդյունաբերողներին։ Ծառուկյանն իհարկե ոչ մի դեպքում սոված չի մնա, բայց տնտեսության փլուզումը չի կարող արդյունաբերողին ձեռնտու լինել, էդ թվում՝ Ծառուկյանի նման խոշոր արդյունաբերողին։ Իսկ մյուս, գուցե էլ ավելի կարեւոր հանգամանքն էն ա, որ քաղաքական հայտ ներկայացնելուց եւ Ազատության հրապարակում հայտնվելուց հետո Ծառուկյանը ՊԵՏՔ Ա մի բան անի, չի կարող ոչ մի բան չանել, ու իմ կարծիքով՝ հենց տնտեսության մեջ ա, որ Ծառուկյանը կարող ա վիճակ փոխել՝ փոխելով գործող կանոնները։ Բոլորն էլ արդեն հասկացել են, որ սենց շարունակել հնարավոր չի, եւ կանոնները պետք ա փոխվեն։ Դրանք կարող են փոխվել կամ «կուլակաթափությամբ», կամ փոխադարձ պայմանավորվածությամբ։ Կուլակաթափությունը, իմ կարծիքով, ոչ ցանկալի ա, ոչ էլ ռեալ։ Իսկ երկրորդ ճանապարհը, էսօր հենց, միանգամայն ռեալ ա թվում։ Ես ակնկալում եմ Ծառուկյանի խոսքում լսել դրա մասին։

Վաղվա հանրահավաքի հետ կապված, ինձ անհանգստացնողը Սերժի կատարած քայլն ա՝ Սահմանադրական փոփոխությունների նախագծի ստորագրումը հետաձգելը։ Դրա նպատակը, ինչքան ես եմ հասկանում, կոմպրոմիսի անորոշ հույսեր տալով՝ Բարգավաճ Հայաստանին, Գագիկ Ծառուկյանին վճռական քայլերից հետ պահելն էր։ Ուզում եմ հավատալ, որ դա չի աշխատի հօգուտ Սերժի, եւ վաղվա հանրահավաքում կոնկրետ քայլերի մասին կխոսվի՝ ոչ հեռավոր ժամանակների համար նախատեսված քայլերի մասին։

Լեւոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում հայտարարեց, որ սկսվում ա նոր շարժում։ Էդ շարժումը, բոլորս հասկանում ենք, 2008-ի կրկնությունը չի լինի։ Նույն գետը երկու անգամ անհնար ա մտնել։ 2008-ին Ազատության հնապարակում շատ տարբեր մարդիկ կային՝ տարբեր հասարակական շերտեր ներկայացնող, տարբեր հայացքներ եւ ակնկալիք ունեցող։ Իմ ակնկալիքը 2008-ին էն էր, որ Հայաստանը փոխվեր՝ հուսալքված ու լճացած վիճակներից դուրս գար, մտներ զարգացման փուլ։ Ու չնայած լիքը բան ա փոխվել, էսօր էլ իմ ակնկալիքը նույնն ա։ Ես հավատում եմ Հայաստանի ուժին, իսկ Հայաստանի ուժը հայաստանցիներն են։ Բոլորը։ Անգամ նրանք, որոնք ինձ առանձնապես մոտ ու հարազատ չեն, օրինակ՝ իրանց հայացքներով կամ իրանց ճաշակով։ Երբ որ նայում ես անցած տասնամյակներին՝ լիքը տխրելու բան կա, լիքը բան կար, որ հնարավոր էր անել բայց չարեցինք, լիքը բան կար, որ պետք չէր անել բայց արեցինք։ Մենակ թե՝ տխրությունը թող չխանգարի մեզ, որ նայենք առաջ։ Քաղաքականությունը հնարավորի արվեստն ա։ Բայց էդ հնարավորը գոյանում ա՝ մեր ամեն մեկիս մասնակցությունից կամ չմասնակցությունից։ Ու կախված ամեն մեկիս մասնակցությունից կամ չմասնակցությունից՝ էդ հնարավորը շատ ա լինում կա քիչ։

Անել էսօրվա հնարավորը՝ նշանակում ա հասնել նրան, որ վաղն ավելի շատ բան դառնա հնարավոր։

Նախորդ հոդվածը‘«Ռեալ»- «Բարսելոնա». Հանդիպում, որն արժե միլիարդ դոլար’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը մի քանի անգամ նվազեցրել է հանրահավաքի մասնակիցների թիվը’