Մբապե․ Կարծում եմ՝ համապատասխանում եմ «Ոսկե գնդակի» չափանիշներին

233

Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն հույս է հայտնել, որ այս տարի կարժանանա «Ոսկե գնդակի»։ 2022թ․ աշխարհի առաջնության եզրափակիչում Մբապեն դարձել էր հեթ-տրիկի հեղինակ, սակայն Ֆրանսիայի հավաքականը հետխաղային 11-մետրանոցներով պարտվել էր Արգենտինային, որի ավագ, 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին համարվում է այս տարվա «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդը։

«Բարդ է խոսել անհատական մրցանակի մասին, քանի որ ստիպված ես գովել ինքդ քեզ։ Լայն հանրությունը դա չի սիրում։ Որո՞նք են չափանիշները․ ցուցադրել վառ ֆուտբոլ եւ ունենալ կարեւոր դեր խաղադաշտում։ Կարծում եմ՝ ես համապատասխանում են դրանց։ Ընտրությունն ուրիշներն են կատարում, բայց ես լավատեսորեն եմ տրամադրված։

Աշխարհի առաջնության եզրափակիչում հեթ-տրիկս կփոխանակեի մեկ անդուր գոլի հետ, եթե հաղթեինք 1:0 հաշվով եւ երկրորդ անգամ անընդմեջ նվաճեինք աշխարհի գավաթը։ Այդ մրցաշարն առանձնահատուկ էր եւ ամբողջ մրցաշրջանի մարմնավորումն է»,- Մբապեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

«Ոսկե գնդակի» հավակնորդները հայտնի կդառնան սեպտեմբերի 6-ին։ Դափնեկիրը հայտնի կդառնա հոկտեմբերի 30-ին։ Անցած տարի «Ոսկե գնդակին» արժանացել է Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Քարիմ Բենզեման, որը տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադ»։

Նախորդ հոդվածըԼուկա Մոդրիչը մտադիր է մասնակցել Եվրո-2024-ին
Հաջորդ հոդվածըԼուիս Սուարեսը հիվանդության պատճառով կարող է ավարտել կարիերան