‘Մերկելը պատմել է, թե ինչով է զբաղվում հյուրանոցում’

2869

Brigitte ամսագրի ընթերցող կանանց հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատմել է, թե գործուղումների ժամանակ ինչ է անում հյուրանոցում: Այդ մասին տեղեկացրել է Deutsche Welle-ն:

«Առաջին հերթին նայում եմ՝ կարելի՞ է բացել պատուհանը կամ դուրս գալ պատշգամբ: Հաճախ հյուրանոցի համարը լինում է վերին հարկերում, օրինակ՝ 27-րդում, և պատուհանը բացել չի կարելի: Այդ ժամանակ նայում եմ՝ որտե՞ղ է օդորակիչը: Դրանից է կախված, թե կարող եմ, արդյոք, լավ քնել: Այնուհետև փնտրում եմ, թե որտեղ է լույսի անջատիչը»,- պատմել է գերմանական կառավարության ղեկավարը: Նա նաև նշել է, որ շատ կարևոր է՝ համարում ինտերնետ կա՞, թե՞ ոչ: Ինչպես նշում է պարբերականը, Մերկելը պարզաբանել է, որ սովորաբար սիրում է հանգրվանել նույն հյուրանոցներում:

Գերմանական ԶԼՄ-ները գրում են, որ Մերկելին հատուկ է «սովորական գերմանացի կնոջ» համեստ հմայքը, որն ազատ ժամանակ խանութներ է այցելում իր ավտոմեքենայով և ամառանոցում բանջարեղեն է աճեցնում: Բացի այդ՝ ամբողջ Գերմանիային է հայտնի, որ նա հրաշալի խոհարար է և մի անգամ նույնիսկ խոհարարական հեռուստահաղորդման հերոսն է դարձել, երբ տնային տնտեսուհիներին հաղորդել է իր սիրելի կերակրատեսակների՝ կարտոֆիլային ապուրի և հանրահայտ գերմանական մսային ռուլետի պատրաստման գաղտնիքները:

Փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Պոլսո Հայոց պատրիարքարանի ժողովը պաշտոնանկ արեց Արամ Աթեշյանին’
Հաջորդ հոդվածը‘Չիլի հավաքականը11-մետրանոց հարվածաշարով հաղթեց Պորտուգալիային (տեսանյութ)’