‘Մերձմոսկվայի նախկին նախարարի ֆրանսիական հյուրանոցների վրա կալանք է դրվել’

1146

Ֆրանսիայում դատարանը կալանք է դրել Կուրշևելում երկու հյուրանոցների վրա, որոնք ձեռք են բերվել Մերձմոսկվայի նախկին ֆինանսների նախարար Ալեքսանդր Կուզնեցովի միջոցներով՝ հետագայում դրանք Ռուսաստանի օգտին բռնագրավելու նպատակով: Այդ մասին ТАСС-ին հաղորդել է ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչը:

Վերջինս նշել է, որ այդպիսով դատարանը բավարարել է գլխավոր դատախազության հայցը, որն ուղարկվել էր քրեական գործի շրջանակներում, որով անցնում են ֆինանսների նախկին նախարարը և նրա հանցախմբի այլ անդամներ:

Կուզնեցովը Ռուսաստանում մեղադրվում է մի շարք ծանր հանցագործությունների համար՝ խարդախություն՝ պաշտոնական դիրքի չարաշհմամբ, կազմակերպված հանցախմբով և առանձնապես խոշոր չափերի (տասը հանցագործություն), հանցագործությունների արդյունքում ձեռք բերված ունեցվածքի և միջոցների լեգալացում (փողերի լվացում) և այլն:

Կուզնեցովը Մոսկվայի մարզի ֆինանսների նախարարի պաշտոնն զբաղեցրել է 2000-2008 թթ., ընդ որում՝ 2004-2008 թթ. եղել է նաև Մերձմոսկվայի կառավարության փոխվարչապետը: 2012 թվականից նա  հետախուզվում էր Ինտերպոլի կողմից, ձերբակալվել է 2013 թ.  Սան-Տրոպե քաղաքում: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը կսկսի ռմբակոծել Սիրիայում ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող նավթամուղները’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ»- «Բարսելոնա». Հանդիպում, որն արժե միլիարդ դոլար’