‘Մեքսիկայում 43 ուսանողների սպանության մեջ կասկածվողները խոստովանել են’

1051

Սեպտեմբերի վերջին Մեքսիկայի Գեռերո նահանգի Իգուալա քաղաքում առևանգված ավելի քան 40 ուսանողները դարձել են «Գեռերոս ունիդոս» հանցախմբի գրոհայինների զոհը: Այդ մասին հաղորդել է երկրի դատախազը: Նրա խոսքով՝ խմբավորման երեք անդամներ, որոնք վերջերս են ձերբակալվել, խոստովանել են, որ երիտասարդների սպանությունն իրենց խմբավորման ձեռքի գործն է: Հայտնի է դարձել, որ հանցագործները գնդակահարել են ուսանողներին, ապա այրել ու թաղել դիակները:

Դատախազի հայտարարությունից անմիջապես հետո Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հանդես է եկել հայտարարությամբ և հավաստիացրել զոհվածների ծնողներին,  որ հանցագործները խույս չեն տա պատասխանատվությունից:

43 մարդ անհետ կորել էր այն բանից հետո, երբ սեպտեմբերի 26-ին Իգուալայում ոստիկանությունը և զինված քաղաքացիական անձինք գնդակահարել էին ցուրարարներին, ովքեր բողոքում էին իշխանությունների կողմից հավանության արժանացած կրթական բարեփոխումներից: Արյունոտ դատաստանի զոհ էր դարձել վեց մարդ, 25-ը վիրավորվել էր:

Հետաքննության շրջանակներում պարզվել էր, որ ուսանողներին ոստիկաններն են բռնել, բայց նրանց ոչ թե բաժին են տարել, այլ հանձնել են հանցագործներին:

Իգուալայի իրադարձություններից հետո Մեքսիկայում զանգվածային ցույցեր սկսվեցին, որոնց մասնակիցներն իշխանություններից պահանջում էին անհապաղ «ողջ-առողջ վերադարձնել» անհետացած ուսանողներին: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ստեփան Մարգարյան. Շարժման տարածքային գրասենյակները կմոբիլիզացնեն հանրության ներուժը’
Հաջորդ հոդվածը‘Զապորոժիեում ոստիկանությունը ազգայնականներին թույլ չի տվել քանդել Ձերժինսկու հուշարձանը’