‘Միայն իշխանափոխություն, որովհետեւ կիսատ-պռատ լուծումները ծնում են նոր խնդիրներ’

2300

Ասում է Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Զոյա Թադեւոսյանը

 -Տիկին Թադեւոսյան, նույնիսկ պաշտոնական տվյալներով` իշխանության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը բացառապես ձախողված է որակվում անցած հինգ տարիների կտրվածքով: Բայց նույնիսկ այդ պարագայում Սերժ Սարգսյանը հերթական խոստումները շռայլեց «ապահով Հայաստան» կառուցելու շրջանակներում: Իսկապե՞ս նման ռեսուրսներ կան այսօր, հնարավո՞ր է որեւէ առաջընթաց գրանցել տնտեսական կյանքում:

-«Freedom House» իրավապաշտպան կազմակերպության կողմից աշխարհի 180 եւ ավելի երկրներում ժողովրդավարության զարգացման մակարդակի, քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների վիճակն արտացոլող վարկանիշային ցուցանիշների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախկին սոցիալիստական համակարգի 29 երկրներից երկրներից  8-ում (Սլովենիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Չեխիա, Սլովակիա, Լեհաստան, Հունգարիա) ձեւավորվել է կայուն ժողովրդավարական համակարգ, եւ այդ երկրների բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն հասնում է զարգացած երկրների մակարդակին: Առանձին երկրների կտրվածքով` այդ ցուցանիշը տատանվում է 12.3-23.7 հազար ԱՄՆ դոլարի շրջանակներում:  Ինչ է սա նշանակում` ակնհայտ է. իշխանության կողմից վարվող քաղաքականության հիմքում եթե ժողովրդավարական արժեքներ են դրված, տնտեսությունն էլ իր հերթին է զարգանում: Եթե ոչ` ինչպես մեր պարագայում, տնտեսական ցուցանիշները գնալով վատթարանում են: Հայաստանը մասնակի ավտորիտար ռեժիմ ունեցող երկիր է համարվում միջազգային հանրության կողմից, եւ խնդրեմ` ապացույցը. բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն գտնվում է Համաշխարհային բանկի սահմանած միջինից ցածր՝ 3.4 հազար ԱՄՆ դոլար մակարդակի վրա: Սա շատ կարեւոր ուղերձ է մեզ համար, որովհետեւ մենք նույնիսկ Ռուսաստան,  Ադրբեջան կամ  միջին ասիական երկիր չենք, որտեղ ավտորիտար ռեժիմն, այնուամենայնիվ, տնտեսական որոշակի առաջընթացի հնարավորություն է տալիս է նավթային դոլարների հաշվին: Եզրակացությունը մեկն է. մեկ անգամ եւս կեղծելով ընտրությությունների արդյունքները՝ այս իշխանություններն իսպառ զրկվեցին դեպի «ապահով Հայաստան» ընթանալու հիմնական ռեսուրսից, որ եր պարագայում ժողովրդավարությունն է:

-Նույնիսկ ընտրություններից անմիջապես հետո, չնայած բազում գեղեցիկ խոստումներին, իշխանությունը չի խորշում երկրում գործարար ակտիվություն ձեւավորող առանձին «համքարությունների» ուղղակի օտարել իր քաղաքականությամբ: Նկատի ունեմ` ատամնաբույժներին, ռիելթորներին, գրավաճառներին, ընդհանրապես` ՓՄՁ-երի ներկայացուցիչներին: Ի՞նչ լուծումներ եք տեսնում այս դաշտում:

-Ձեր կողմից նշված համքարությունների օտարման շարժառիթն այս տարվանից ՀՀ արտաքին պարտքի սպասարկման համար գումարների հայթայթումն է: Փոխանակ ձեւավորելու մանր ու միջին գործարարության համար բարենպաստ ներդրումային միջավայր ու պայքարելու շուկայի մենաշնորհեցման դեմ, իշխանությունները մտնում են նրանց գրպանը ում այսպես կոչված «թույլ օղակ» են դիտարկոմ: Ավելի ճիշտ` օտարերկրյա պետությունների կառավարություններից եւ միջազգային արժույթաֆինանսական կազմակերպություններից ստացած վարկերը մխսվել են իշխանական նեղ շրջանակներում, եւ հիմա դրանց «պատասխանը» պիտի շարքային քաղաքացին տա: Դեսից-դենից կոպեկներ հայթայթած, հազիվ իր ընտանիքի հանապազօրյա կարիքները հոգալու համար տարբեր փոքր բիզնեսներ ստեղծած ՀՀ քաղաքացին, ով մեկնդմիշտ մոռացված է պետություն կոչվածի կողմից: Քաղաքացին, ով իր քրտինքով սնում է անկուշտ իշխանավորին, եւ ում վերջինս միայն քվե խնդրելու ժամանակ է հիշում: Այն էլ եթե միայն խնդրելով գործն ավարտվի…Հետեւաբար, այս իշխանություններից որեւէ ոլորտում որեւէ հարցի լուծում սպասելը սին հույս է: Հանցագործ իշխանությունը մերժում է ցանկացած քաղաքակիրթ, զարգացած երկրի կողմից քննություն բռնած բոլոր տնտեսական մեխանիզմները, միջոցները եւ լուծումները…Հայաստանյան ներկա իշխանությունները ապազգային են, սա ակնհայտ է: Հետեւաբար` հարցի միակ լուծումը խոշոր հաշվով նրանցից ազատվելն է:

-Տեւական ժամանակ եթե ոչ հասարակության շրջանում, գոնե փորձագետների եւ ԶԼՄ-երի մակարդակում քննվում էր Արեւմուտք, թե Արեւելք, ավելի ստույգ` ԵՄ, թե Եվրազես անհրաժեշտ ընտրանքը: Սա կեղծ հարցադրում չի՞, արդյոք, այն դեպքում, երբ մեր բոլոր ռազմավարական օբյեկտները նույն ՌԴ-ի «տիրապետության ներքո են գտնվում», գումարենք նաեւ ռազմաբազայի առկայությունը:

-Հարցադրումը կեղծ չէ, քանի որ, իրոք, կանգնած ենք երկընտրանքի առջեւ: ԵվրԱԶզԵս-ի հետ տնտեսական համագործակցության, ավելի ստույգ` ազատ առեւտրի համաձայնագիր ստորագրելու մասին բազմիցս ասել եմ եւ նորից պետք է պնդեմ, որ Ռուսաստանի հետ մեր դաշնակցությունը սոսկ քաղաքական հիմք ունի: Տնտեսական առումով, եթե մի կողմ դնենք այդ երկրում աշխատող եւ հայրենիք դրամ ուղարկող մեր հայրենակիցների կարեւոր, բայց այս կոնտեքստում չքննարկվող եւ պետության հետ էլ կապ չունեցող հանգամանքը, մեր կապերն առանձնապես ամուր չեն:  Հիմա ԵվրԱԶզԵս-ի հետ տնտեսական համագործակցությունն էլ նույն կերպ ոչինչ չտվող գործընթաց է, եթե Վրաստանը չի միանում այդ նախաձեռնությանը: Հարց է առաջանում. Հայաստանում ունենալով տնտեսական եւ քաղաքական հզոր ազդեցություն, էներգետիկայի, գազամատակարարման, բանկային/ապահովագրական, կապի ոլորտներում տնօրինելով ազդեցիկ կապիտալի, լինելով տնտեսության հինգ նախկին գիգանտների սեփականատերը, ուենալով ՀՀ-ում 49 տարի տևողությամբ ռազմական բազաներ տեղակայելու պայմանագիր, ի՞նչն է խանգարում մեր ռազմավարական գործընկերոջը` անարգել գործելու Հայաստանում, առանց ԵվրԱզԵսի հարցը մեջտեղ բերելու: Պատասխանը քաղաքական է, եւ հետեւյալը` նպատակը վասալներին դիրքորոշման իրավունքից առհասարակ զրկելն է, տարածաշրջանում քաղաքական ազդեցությունը չթուլացնելը, ղարաբաղյան հակամարտությունը դամոլկլյան սրի նման մեր գլխին պահելը եւ Հայաստանի միջոցով Եվրոպային զրկելն այլընտրանքային ադրբեջանական գազից:  

-Տկն. Թադեւոսյան, եթե այս կամ այն պատճառով առայժմ չի հաջողվում իշխանափոխության հասնել, ինչը Ձեր կողմից էլ  խնդիրների համապարփակ լուծման միակ եղնակը, դիտարկվում, հնարավո՞ր չէ ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության օգնությամբ հասնել գոնե նրան, որ հասարակության այս կամ այն խմբի շահն, այնուամենայնիվ, որեւէկերպ հաշվի առնվի իշխանության կողմից:

-Քաղաքական ուժերին եւ քաղաքացիական հասարակությանը հաջողվել է նախորդ տարիներին իշխանությանը պարտադրել որոշակի հարցերի լուծումներ,չեմ ժխտում: Բայց արդյո՞ք դա բավարար է, երբ մեր իրականությունը լեցուն է բազմաթիվ ու բազմաբնույթ հիմնախնդիրներով: Կամ` ճի՞շտ է իշխանություններին պարտադրել կատարել այն, ինչն իրենց պարտականությունների մեջ է մտնում: Հենց այս հարցերի գոյության «իրավունքն» արդեն փաստում է իշխանության եւ հասարակության, ժողովրդի օտարվածության մասին: Հետեւաբար, կոսմետիկ միջամտությունները մի կողմ դնելով` ես կողմնակից եմ միմիայն իշխանափոխության: Մենք պիտի’ հասնենք դրան եւ պիտի’ պարտադրենք որ հակաժողովրդական իշխանությունները պատասխան տան ժողովրդի առջև: Կիսատ-պռատ լուծումները ծնում են նոր խնդիրներ, մարդիկ չեն կարող տարիներ շարունակ փողոցում պայքարել իրենց Սահմանադրական իրավունքների եւ կամ ապաշնորհ իշխանությունների կործանարար գործելաոճը կանխելու համար: Մեզանից յուրաքանչյուրն ունի արժանավայել կյանքի իրավունք: 

Գոհար Սիմոնյան

 

Նախորդ հոդվածը‘Ըստ Տիգրան Մուկուչյանի՝ ընտրացուցակները ոչ բոլորի համար են գաղտնի’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Մուկուչյան. Ընտրական համակարգի նկատմամբ վստահելիության բարձրացման տեսանկյունից անելիք կա’