‘«Միլան»-«Ռոմա». Խաղից առաջ’

2085

Հոկտեմբերի 1, 7-րդ տուր, մեկնարկը՝ 20:00, Միլան, «Սան-Սիրո» մարզադաշտ

Այս տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Միլանում, որտեղ Մոնտելայի թիմը պետք  է ևս մեկ անգամ ապացուցի, որ կարող է պայքարել ոչ միայն հետնապահերի հետ: Նոր ֆուտբոլիստներով համալրված Միլանը դեռևս չի կարողանում կայուն խաղով ուրախացնել իր երկրպագուներին: Մյուս կողմից էլ՝ Մոնտելան մինչ օրս ոչ մի հանդիպման ժամանակ նույն կազմը խաղադաշտ դուրս չի բերել: Իսկ դա չի կարող այնքան անհրաժեշտ կայունությունը հաղորդել այս թիմի խաղին: Պատահական չէ, որ Վինչենցո Մոնտելայի նկատմամբ քննադատության ալիքը աճում է։

Մրցակից թիմերը  վաստակել են հավասար քանակի միավորներ` 12, բայց «Ռոման» մեկ խաղ պակաս է անցկացրել։ Հորդառատ անձրևի պատճառով «Սամդորիայի» հետ հանդիպումը մնաց անավարտ։  Թե «Միլանը», և թե Ռոման անկայուն են խաղում այս մրցաշրջանում, թեև խուսափել են փոքր թիմերի հետ միավորների կորստից, բայց ավելի լուրջ խաղերում պարտվել են։

«Սամպդորիային» պարտվելուց հետո, Մոնտելայի նկատմամբ ճնշումն ավելացել է, հաշվի առնելով այն, որ ամռանն իրեն տրամադրվել էր շուրջ 200 մլն. եվրո նոր ֆուտոբլիստներ գնելու համար։  «Միլանը» շատ ակտիվ էր տրանսֆերային պատուհանի ժամանակ, բայց մրցաշրջանի մեկնարկը դժվար ստացվեց։ Գնելով ինը բարձրակարգ ֆուտբոլիստ, Մոնտելան ստիպված էր անընդհատ փոփոխել թիմի կազմը և դեռ ոչ մի անգամ երկու խաղում անընդմեջ չի եղել նույն կազմը։

Անդրեա Կոնտին և Դավիդե Կալաբրիան դեռ չեն ապաքինվել և թիմի վետերան Իգնցիո Աբատեն հավանաբար զբաղեցնելու է աջ պաշտպանի դիրքը, իսկ Մոնտոլիվոն բաց է թողնելու հանդիպումը վնասվածքի պատճառով։

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Էուսեբիո Դի Ֆրանչեսկոն ունի նույն խնդիրները։ Պատրիկ Շիկն արդեն վաղուց դաշտում չի երևացել և իրեն միացել է թիմի նորեկ Գրեգուար Դեֆրելը, որը վնասվածք է ստացել այս շաբաթվա մեջ։

Դեֆրելի փոխարինող Դիեգո Պերոտիի մասնակցությունը նույնպես հարցականի տակ է, իսկ Ռիկ Կարսդրոպի վնասվածքը սահմանափակում է թիմի հնարավորությունները աջ եզրում։ Դի Ֆրանչեսկոն պետք է որոշի, արդյոք Լորենցո Պելեգրինիին կամ Ալեսանդրո Ֆլորենցիին վստահի աջ կիսապաշտպանի պարտականությունները։ Բոլոր դեպքերում, դա Ֆլորենցիի սիրված դիրքն է։

Երեք հաղթանակներից հետո «Ռոման» վերելքի վրա է և եթե չլիներ հետաձգված խաղը, այժմ կարող էին շրջանցել «Լացիոյին»։ Այդ հնարավորությունը կընձեռնվի «Ռոմային» մոտակա ամսվա ընթացքում, քանի որ հաջորդ չորս մրցակցից երեքը առաջնության հետնապահներն են։ Չեմպիոնների Լիգայում թիմը դժվար հաղթանակ տոնեց «Ղարաբաղի» նկատմամբ։ «Միլանից» հետո «Ռոման» հանդիպելու է «Նապոլիին» և «Չելսիին»։ Այնպես որ, շատ կարևոր է, որ «Ռոման» բավարարված չլինի ընթացիկ արդյունքներով։ Այս հանդիպումը կատարյալ հնարավորություն է թիմի մարզչի համար տեսնել, թե որքան են առաջադիմել։ Նույնը կարելի է ասել Մոնտելայի մասին։ Հաղթանակը «Ռոմայի» նկատմամբ մասամբ կթուլացնի իրեն քննադատողների ձայները։ 

Էդին Ջեկո («Ռոմա») – Բոնսիացի ռմբարկուն այն սակավաթիվ ֆուտբոլիստներից մեկն է, որը կայուն խաղ է ցուցադրում առաջնության մեկնարկից։ Նախարդ առաջնության լավագույն ռմբարկուն արդեն դարձել է վեց գոլի հեղինակ։ 

«Ռոման» հաղթել է «Միլանին» վերջին երեք խաղերում։ Վինչենցո Մոնտելան իր մարզչական կարիերայի ընթացքում անցկացրել է 15 հանդիպում «Ռոմայի» դեմ, որոնցից հաղթել է երկուսում, չորս անգամ խաղացել ոչ-ոքի և պարտվել 9-ում ։ 

Թիմերի հավանական մեկնարկային կազմերը

«Միլան». Դոնարումա, Սապատա, Բոնուչի, Ռոմանյոլի, Աբատե, Կեսի, Բիլյա, Բոնավենտուրա, Ռոդրիգես, Սուսո, Կալինիչ։

«Ռոմա» Ալիսոն,  Ֆլորենցի, Մանոլաս, Ֆացիո, Կոլարով, Նաինգոլան, Դե Ռոսի, Ստրոտման, Պելեգրինի, Ջեկո, Էլ Շարավի։

Նախորդ հոդվածը‘Լոնդոնի «Արսենալի» ռեկորդային եկամուտը’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա» — «Լաս Պալմաս»՝ 3։0. Կատալոնացիները հաղթում են ծանր պայմաններում (տեսանյութ)’