‘ՄԻՊ-ն ահազանգում է՝ քաղաքացուն անհիմն ազատել են աշխատանքից’

814

Հարություն Տեր-Պետրոսյանը 2011թ.-ին ծանր հիվանդության պատճառով պարբերաբար բացակայել է աշխատանքից և ներկայացրել է անաշխատունակության թերթիկներ: 

Վերջնական բուժումը ստանալուց հետո վերադարձել է աշխատանքի` «Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոն», սակայն 2012թ.-ի հուլիսին տնօրենի հրամանով անհիմն ազատվել է աշխատանքից:

Աշխատանքային իրավունքները վերականգնելու նպատակով Հարություն Տեր-Պետրոսյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին: Պաշտպանը Տեր-Պետրոսյանի խնդրի կապակցությամբ գրություններ էր ուղարկել Երևանի քաղաքապետարան և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն:

Երևանի քաղաքապետարանը պատասխան գրությամբ հայտնել էր, որ քաղաքացի Հարություն Տեր-Պետրոսյանին աշխատանքից ազատելու համար հիմք է հանդիսացել աշխատողի ժամանակավոր անաշխատունակությունը (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով ավելի քան 120 օր անընդմեջ աշխատանքի չի ներկայացել): Իսկ «Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոնի» տնօրենի գրավոր տեղեկացմաբ` Հարություն Տեր-Պետրոսյանն աշխատանքից անընդմեջ բացակայել է 126 օր, ինչով և հիմնավորվել է աշխատանքից ազատելը:

Մինչդեռ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ քաղաքացի Հարություն Տեր-Պետրոսյանի դիմումի հիման վրա Աշխատանքի պետական տեսչության կողմից հարուցվել է վարչական վարույթ, որի ընթացքում պարզվել է, որ ըստ ժամանակավոր անաշխատունակության թերթիկների` Հարություն Տեր-Պետրոսյանը 2012 թվականի հունվարի 9-ից մինչև 2012 թվականի հուլիսի 1-ն աշխատանքի չի ներկայացել ոչ թե անընդմեջ, այլ ընդհանուր առմամբ` 114 օր:

Աշխատանքի պետական տեսչության կողմից հարուցված վարույթի ընթացքում պարզվել է քաղաքացու աշխատանքային իրավունքների մի շարք խախտումներ` արձակման նպաստի, տուգանքի վճարում, և դրանք վերացնելու նպատակով «Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոն» ՀՈԱԿ-ին տրվել է պարտադիր կատարման հանձնարարական, որի համար ժամկետ է սահմանվել մինչև սույն թվականի փետրվարի 10-ը:

Նախորդ հոդվածը‘ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վրաստանում քննարկել է երկկողմ ռազմական համագործակցության հարցեր’
Հաջորդ հոդվածը‘Գ.Սահակյան. Սերժ Սարգսյանը ժողովրդի նեղ զանգվածի հետ երբ հանդիպում է, ժողովրդական բառերով է խոսում ‘