‘Մհեր Արշակյան. Գեղարդը’

7147

Կարծես թե Էջմիածինը մեզ համար բազում անակնկալներ ունի: «Մարսեցինք» Մանվել Գրիգորյանի տուշոնկաները եւ անմիջապես բախվեցինք, ինչպես Մայր Աթոռն է ձեւակերպում, «աստվածամուխ Սուրբ Գեղարդից» առանձնացված մասունքի պատմությանը:

Մայր Աթոռը, ինչպես երեկ պարզվեց, 2004-ին Գեղարդի կոթառից մի կտոր է նվիրել ռուսաց եկեղեցու արդեն երջանկահիշատակ առաջնորդ Ալեքսիյ 2-րդին: Ավելի ուշ՝ եւս մի կտոր նվիրել են Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ Գեորգի Պոլտավչենկոյին: Այստեղ քրեական տարր չկա: Բայց ինչու՞ այդքան գաղտնի:

Ես հավատացյալ չեմ: Բայց ես որեւէ կասկած չունեմ, որ Հիսուս Քրիստոսը գոյություն է ունեցել: Քանի որ պատմաբանները որեւէ կերպ ինձ չեն կարող օգնել այս հարցում, ես հենվում եմ իմ ներքին զգացողությունների վրա: Գեղարդն ընկալում եմ իբրեւ մշակութային ժառանգություն: Եվ, ըստ իս, հավատի հետ կապ չունեցող է իմ համոզմունքը, որ այդ երկաթի մշակված կտորով հռոմեացի լեգեոներ Լոնգինն իսկապես խոցել է Հիսուս Քրիստոսին: Բայց Գեղարդն այսօր հավատի էլեմենտ է: Ես չեմ հավատում, որ Գեղարդը բուժիչ հատկություններ ունի, չեմ հավատում նաեւ, որ այն մեզ մոտ ունենալը մեզ վրա է պահում Աստծո աչքը: Պատրաստ եմ համաձայնել, որ Գեղարդի «բնօրինակը» մեր պետության մեջ ունենալով՝ այն մեր Առաքելական եկեղեցին դարձնում է նշանակալից եկեղեցի: Հետեւաբար՝ մեր եկեղեցին պատասխանատու է նրան վերագրված իմաստի եւ այդ իմաստից բխող առաքելականության համար:

Հավատացյալներն առանց մասունքների չեն կարող: Այստեղ ոչինչ չես կարող անել: Ես մասունքներին որեւէ նշանակություն չեմ տալիս: Ես հրաշքներին չեմ հավատում: Բայց հավատացյալի զգացումներն ինձ համար նույնքան կարեւոր են, որքան հոգեւորականին տիրացու չասելը: Մեր եկեղեցին վստահեցնում է, որ 18-րդ դարից իր տիրապետության տակ է գտնվում Սուրբ Գեղարդը, որն իր վրա կրել է Հիսուսի արյունը: Ներքին զգացողությունս Գեղարդի՝ 33 թվականին «ապրելու» մասին ոչինչ չի ասում, թեպետ ինքը կա, մինչդեռ Քրիստոսը չկա:

Գեղարդի հետ հաշվի նստելու իմ մեկնակետը եկեղեցին չէ, այլ՝ հավատացյալը, որին սնել են հենց Գեղարդի վավերականությամբ: Դա արել է մեր եկեղեցին, նույնիսկ Աստվածաշունչն այստեղ կապ չունի: Կտակարանը փաստում է, որ դրանով խոցել են Աստծո Որդուն: Եթե եկեղեցուն հաջողվել է համոզել, որ դա հենց այդ գեղարդն է, ու համոզելով՝ ինքը ստացել է հոտի անդամի հավատը, այդ պահից հոտի անդամը «բաժնետեր» է Գեղարդի հանդեպ: Որովհետեւ՝ եթե չկա Գեղարդ, չկա հավատի եւս մեկ «հաց», որով Քրիստոսի հանդեպ իր սերն ու կարեկցանքն է սնում հավատացյալը: Ինչու՞ մեր եկեղեցին նրան չի ասել, որ քո հավատի հիմնասյան հետ ես վարվում եմ տիրոջ պես:

Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում Գեղարդը նույնիսկ մեջտեղից կիսելու եւ կեսը որեւէ խաբեբայի նվիրելու մեջ: Բայց բաժնետերը պետք է իմանա այդ մասին: Որովհետեւ իրենից է կիսվում, իսկ եթե տեղյակ չէ, նշանակում է իրենից խլում են: Ո՞վ է Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ Պոլտավչենկոն: Այսպիսի նվերը Գեղարդին զրկում է իրեն վերագրված սրբազնությունից, որովհետեւ գոնե էդ պահից հայտնի չէ, որ Պոլտավչենկոն ինչ-որ գերբնական եւ մետաֆիզիկական հատկություններ է ձեռք բերել: Նա պարզապես իր մոտ ունի Գեղարդի մասունքը եւ կարող է բոլորին ցույց տալ ու հպարտանալ, որ ունի:

Գուցե Գեղարդից մասունք նվիրելով՝ մեր եկեղեցին մեզ հասկացնում է, որ այն ոչ մեկի սեփականությունը չէ եւ էկումենիկ արժեք է: «Բայց «հայ քրիստոնյան» նունպես էկումենիկ արժեք է եւ որեւէ մեկի սեփականությունը չէ»,-մտածում է մոլեռանդ որեւէ կրոնական կազմակերպություն (գրաբարում՝ հերձված, ժամանակակից հայերենում՝ աղանդ), որը հենց այդ պատճառով էլ մտնում է Հայաստան ու անցնում գործի: Համենայնդեպս՝ ընդդեմ եկեղեցու:

Նախորդ հոդվածը‘Էդինսոն Կավանին կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալի» խոշոր տրանսֆերը ձգձգվում է’