‘Յուրգեն Կլոպ․ Ֆուտբոլը վտանգված է’

1119

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դժգոհ է, որ բարձրակարգ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները չունեն մարզվելու եւ հանգստանալու պատշաճ հնարավորություն, ինչը վտանգ է ֆուտբոլի համար։

«Ֆուտբոլը վտանգված է կազմակերպման խնդիրների պատճառով։ Մշտական զարգացման, նոր մրցաշարերի ստեղծման, հանդիպումների հսկայական քանակի պատճառով է ֆուտբոլը վտանգի տակ։ Պետք չէ մոռանալ, որ ֆուտբոլիստները պետք է մարզվեն, երբեմն նաեւ հանգստանան։

Մրցաշրջանի վերջին հանդիպումը մենք անցկացնում ենք հունիսի 1-ին։ Բայց դա բոլորի համար չէ վերջին խաղը։ Հետո սկսվում են Ազգերի լիգայի, Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության հանդիպումները։ Անցած տարի մենք մրցաշրջանին սկսեցինք պատրաստվել արդեն հուլիսի 2-ին։ 12 ամիս ֆուտբոլ, ամբողջ տարին։

 

Բայց ինչո՞ւ պետք է միջազգային ասոցիացիաներն ավելի շատ գումար վաստակեն, քան ծախսում են։ Ինչո՞ւ պետք է ՖԻՖԱ-ն ավելի շատ գումար ունենա, քան ծախսում է։ Ինչո՞ւ է պետք մեծացնել աշխարհի առաջնության մասնակիցների քանակը։ Այդ գումարներն ինչի՞ համար են։ Ավելի շատ վարչական շենքեր կառուցելո՞ւ։ Ես ոչ մի պատճառ չեմ տեսնում»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է The Independent-ը։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Մադրիդում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Լիվերպուլը» կմրցի Լոնդոնի «Տոտենհեմի» հետ։

Նախորդ հոդվածը‘Bild. Յոահիմ Լյովը հոսպիտալացվել է’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը’