‘Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել պարզել ֆինանսների նախկին նախարարի տիկնոջ ֆինանսական մեքենայություններին առնչվող իրավիճակը’

1419

2015 թվականի պետբյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումների ընթացքում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվել է, թե ինչպիսի՞ վերջնական որոշում է կայացվելու հղիության նպաստների համակարգում օրենսդրական  փոփոխությունների առնչությամբ:

Նա հաղորդել է, որ դեռ նախորդ կառավարության օրոք ԲՀԿ-ն հանդես էր եկել նախաձեռնությամբ, որպեսզի նպաստ վճարվի նաև չաշխատող մայրերին, այն ժամանակ կառավարությունն այդ առաջարկությունը որակել էր ամբոխավարություն: «Իսկ այսօր այս կառավարության դիրքորոշումն այլ է, և մենք ուրախ ենք դրա համար: Մենք կարծում ենք, որ բոլոր մայրերի շահերը պետք է պաշտպանված լինեն օրենքով: Սակայն այստեղ մենք լրջագույն խնդիր ունենք. խոսքը կոռուպցիոն ռիսկերի մասին է: Ամեն մեկը չի կարող լինել նախկին նախարարի, օրինակ, ֆինանսների նախկին նախարարի կին: Նրա տիկինը, վերադառնալով ֆիզարձակուրդից, ստացել է 20 մլն դրամ: Ո՞վ պետք է պարզի այս իրավիճակը», — հայտարարել է պատգամավորը:

ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, խոսքը վերաբերում է Դավիթ Սարգսյանի տիկնոջը` ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանին:

Նախարարն իր հերթին հայտարարել է, որ համաձայն է ռիսկերի վերաբերյալ Զոհրաբյանի պնդումներին, սակայն ձեռնպահ է մնացել ֆինանսների նախկին նախարարին առնչվող դեպքի վերաբերյալ մեկնաբանություններից: Ինչ վերաբերում է ավելի վաղ կառավարության առաջարկած աղմկահարույց օրենսդրական փոփոխություններին, ապա Ասատրյանը նշել է, թե իրենք փորձում են լուծել տարիների ընթացքում կուտակված խնդիրները:

Սոցապահովման պետական ծառայությունը, մասնավորապես, առաջարկում է հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանել մայրության նպաստ: Օրենսդրական փոփոխությունները ենթադրում են 2016 թվականից մայրության նպաստ տրամադրել նաև չաշխատող կանանց, մինչդեռ գործող օրենսդրությամբ նպաստ են ստանում միայն աշխատող կանայք: Նախատեսվում է չաշխատող կանանց տրամադրվելիք մայրության նպաստը հաշվարկել` ելնելով ամսական նվազագույն աշխատավարձի չափից (50 հազար դրամ): Այդ նպատակով նախատեսվում է արդեն 2016 թվականին լրացուցիչ 8 մլրդ դրամ հատկացնել: Նաև նախատեսվում է 2015 թվականից կրճատել աշխատող կանանց տրվող մայրության նպաստը` կախված աշխատանքային ստաժից: Այսպես, մեկ աշխատատեղում մինչև մեկ տարի ստաժի դեպքում նպաստ կտրամադրվի աշխատավարձի 40 տոկոսի չափով, 1-3 տարի ստաժի դեպքում` աշխատավարձի 60 տոկոսի չափով, 3 տարուց ավելի ստաժի դեպքում` աշխատավարձի 80 տոկոսի չափով: Սահմանվում է նաև առավելագույն չափ. հղիության և ծննդաբերության նպաստի գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի հնգապատիկ չափը: Առաջարկվող փոփոխությունները բուռն բողոք են հարուցել քաղաքացիների շրջանում, որոնք բազմիցս ակցիաներ են անցկացրել կառավարության և խորհրդարանի շենքերի առջև: Փոխընդունելի մեխանիզմներ գտնելու նպատակով խորհրդարանում կազմակերպվել են լսումներ: 

Նախորդ հոդվածը‘Բրազիլական «Տղան և աշխարհը» մուլտֆիլմը դարձել է «ՌեԱնիմանիա» փառատոնի հաղթող’
Հաջորդ հոդվածը‘Բուրկինա-Ֆասոյի նախագահը չեղյալ է հայտարարել արտակարգ դրությունը’