‘Նալբանդյանը համանախագահների հետ քննարկել է Ադրբեջանի իր գործընկերոջը հանդիպելու հարցը’

874

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Ջեյմս Ուորլիքին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ, զրույցի ընթացքում շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը առաջ մղելու վերաբերյալ:
Նալբանդյանը համանախագահների ուշադրությունն է հրավիրել Տավուշի մարզի սահմանային գոտում ադրբեջանական կողմից արձակած կրակի հետևանքով դեկտեմբերի 14-ին հայ զինծառայողի մահվան վրա:
Նա ընդգծել է, որ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների կողմից բազմիցս հնչող հրադադարի ամրապնդման անհրաժեշտության մասին կոչերին, հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջանի ու Արցախի միջև շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումների զոհ են դառնում ոչ միայն զինծառայողներ, այլև քաղաքացիական անձինք, գնդակոծվում են քաղաքացիական օբյեկտներ։ Նա շեշտել է, որ նման սադրանքները խոչընդոտում են խաղաղ կարգավորման ուղղությամբ համանախագահների և Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը:
Հանդիպմանը արծարծվել է հաջորդ տարեսկզբին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: 

Նախորդ հոդվածը‘Օրվա կոլաժ. Հայկական առաջին պլանշետը` iՏանձ’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են ՉԼ 1/8 եզրափակիչի զույգերը. Մխիթարյանի «Բորուսիան» կմեկնի Պետերբուրգ’