‘Նախարարը կենսաթոշակային կուտակային հիմնադրամներ վճարումների հարցում ակնկալում է «գործատուների բարեխղճությունը»’

1007

Կենսաթոշակային կուտակային հիմնադրամներ վճարումների հարցում ակնկալում ենք գործատուների բարեխղճությունը և ճշտապահությունը: Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Վերջինս պատասխանում էր պատգամավոր Փաշինյանի հարցին, թե արդյոք գործատուները կարող են վճարումներ չկատարել կենսաթոշակային կուտակային հիմնադրամներ և  դրա համար չենթարկվել տուգանքների`հաշվի առնելով ՍԴ որոշումը: «ՍԴ որոշումն, իհարկե, բոլորի համար ուժ ունի: Սակայն, հուսով ենք, որ գործատուներն, այնուամենայնիվ, բարեխիղճ կգտնվեն: Չեմ կարծում, թե գործատուները պետք է պարտադիր վճարումներ կատարեն` միայն տուգանքի սպառնալիքի առկայության դեպքում»,- ասել է Ասատրյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը հունվարի 24-ին նիստում որոշել է մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալե գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կասեցված 76-րդ հոդվածը վերաբերում է պատասխանատվության միջոցներին՝ պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար։ Իսկ 86–րդ հոդվածի 3-րդ մասը վերաբերում է կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրությանը։ Այնուամենայնիվ, գործատուների կողմից ներկայացվող եկամտահարկի էլեկտրոնային հաշվետվություններում հայտնվել է պարտադիր կուտակային հատկացումների տող, որն ավտոմատ լրացվում է` նույնիսկ այն լրացնելու գործատուի ցանկության բացակայության դեպքում:

 

Նախորդ հոդվածը‘Ծաղկաձորում հայտնաբերվել է «ԱրմենՏել» ընկերության կոմերցիոն տնօրենի դիակը’
Հաջորդ հոդվածը‘Վարդանիկի որդին խուլիգանություն հոդվածով մեղադրյալ է’