‘ՆԱՏՕ-ի հրամանատարն զգուշացնում է Ղրիմի ռազմականացման մասին’

1019

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը, ելույթ ունենալով Կիևում՝ հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից անեքսիայի ենթարկված Ղրիմի ռազմականացումը կարող է օգտագործվել Սև ծովի ավազանում Ռուսաստանի վերահսկողությունը հաստատելու համար:

Չորեքշաբթի Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ղրիմում, ի թիվս 30 ռազմական մեքենաների, տեղակայվել են 14 ռմբարկու-կործանիչներ, որոնք տեղափոխվել են Կրասնոդարի մարզից:

Գեներալ Բրիդլավը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում  մեծ թվով ռուսաստանցի զինծառայողներ են հավաքված, որոնք ուսուցանում են անջատական ուժերին:

Ռուսաստանը շարունակում է հերքել արևմտյան երկրների պնդումները, թե ինքն անմիջականորեն մասնակցում է Ուկրաինայի հակամարտությանը, որի ընթացքում արդեն 4317 մարդ է զոհվել: Մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս ունեցած իր ելույթում հայտարարել է, թե Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում և ամեն կերպ կդիմադրի իրեն աշխարհաքաղաքական խարդավանքների մեջ ներքաշելու ցանկություններին:

Մինչդեռ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Բեռլինում ելույթ ունենալով բունդեսթագի պատգամավորների առջև, սուր քննադատության է ենթարկել Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում: «Ոչինչ չի կարող արդարացնել կամ ներել Ղրիմի բռնազավթումը Ռուսաստանի կողմից:  Ոչինչ չի արդարացնում Ռուսաստանի ուղղակի կամ անուղղակի մասնակցությունը Դոնեցկի և Լուգանսկի մարտերում,- հայտարարել է Մերկելը և հավելել:- Ռուսաստանը հարցականի տակ է դնում Եվրոպայում հաստատված կարգը և ոտնահարում է միջազգային իրավունքը»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Թուրք դիվանագետ. Ղարաբաղյան հակամարտությունը Թուրքիայի համար ազգային հարց է’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայում քվոտաներ են սահմանվել կին տնօրենների համար’