‘Նեթանյահուի կողմնակիցներն ու հակառակորդները դուրս են եկել փողոց’

1076

Թել-Ավիվում  Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի կողմնակիցների և հակառակորդների զանգվածային ցույցեր են տեղի ունեցել:

Վարչապետի կողմնակիցները դեմ են դատախազության մտադրությանը՝ միանգամից երեք կետով մեղադրանքներ ներկայացնելու քաղաքական գործչին՝ կաշառք, խարդախություն և հանրային վստահության չարաշահում:

Հակառակորդները պահանջում են Նեթանյահուի անհապաղ հրաժարականը:

Ինչ-որ մի պահի ցուցարարների երկու խմբերը հայտնվել են դեմառդեմ, սակայն  ոստիկանության գործողությունների շնորհիվ հաջողվել է խուսափել բախումից:

Անցյալ հինգշաբթի Իսրայելի դատախազ Ավիհայ Մանդելբլիտը հայտարարել է, որ մտադիր է վարչապետին մեղադրանք ներկայացնել մի շարք կոռուպցիոն գործերով: Այդ հայտարարությունն ավելի է թեժացրել Նեթանյահուի՝ առանց այդ էլ լարված ընտրարշավը խորհրդարանական ընտրություններից առաջ: Գործերից մեկով նրան կարող է սպառնալ 10 տարվա ազատազրկում, ինչը վերջ կդնի նրա քաղաքական կարիերային:

Վարչապետը հերքել է մեղադրանքերը՝ ընտրություններից ընդամենը վեց շաբաթ առաջ իրեն սպառնացող գործերի մասին հայտարարելն անվանելով «վրդովեցուցիչ» և պնդելով, որ դարձել է ձախակողմյան քաղաքական գործիչների և ԶԼՄ-ների կազմակերպած «վհուկների որսի» զոհը:

Փոխանցում է euronews-ը:

 

Նախորդ հոդվածը‘«Ռեալ»-ը աստղային տրանսֆերային փոխանակություն է պատրաստում’
Հաջորդ հոդվածը‘Ռոջեր Ֆեդերերի 100-րդ տիտղոսը’