Նովակ Ջոկովիչը՝ ATP Ամփոփիչ մրցաշարի հաղթող

262

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչն ATP Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչում ոչ մի խնդիր չունեցավ չորրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիների դեմ խաղում: 36-ամյա Նովակը 1 ժամ 44 րոպե տևած պայքարում հաղթեց 6-3, 6-3 հաշվով:

Ջոկովիչը մարզական կարիերայում ռեկորդային՝ 7-րդ անգամ հաղթեց ATP Ամփոփիչ մրցաշարը և գերազանցեց Ռոջեր Ֆեդերերի ցուցանիշը (6 հաղթանակ):

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի և «Մասթերս-1000» շարքի մրցաշարերի 40-ակի հաղթող Ջոկովիչը մինչև եզրափակիչն ապահովել էր առաջին ռակետի կարգավիճակն ավարտվող մրցաշրջանի արդյունքներով:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Նովակ Ջոկովիչը 6-3, 6-2 հաշվով հաղթել էր իսպանացի Կառլոս Ալկարասին, իսկ Յանիկ Սիները 6-3, 6-7 (4-7), 6-1 հաշվով պարտության էր մատնել ռուս Դանիիլ Մեդվեդևին: 

Խմբային փուլում Ջոկովիչն ու Սիներն ընդգրկված էին նույն՝ A խմբում, ընդ որում՝ Նովակը միակ պարտությունը կրել էր (5-7, 7-6 (7-5), 6-7 (2-7)) հենց Սիներից և կիսաեզրափակիչ էր դուրս եկել երկրորդ տեղով:

Նախորդ հոդվածըԵվրո-2024․ Իվուն չի մասնակցի Խորվաթիայի դեմ խաղին
Հաջորդ հոդվածըԵԱ․ Հայաստանի թիմերը խաղացին ոչ ոքի