‘Նոր բունտ է հասունանում` այս անգամ «Փեթակում». Աշխատակիցների բաց նամակը’

2858

iLur.am-ը էլեկտրոնային փոստով ստորագրված նամակ է ստացել «Փեթակ» տոնավաճառի աշխատակիցներից (մոտ 40 հոգի), որտեղ հեղինակները պնդում են, որ «դանակը ոսկոռին է հասել» և իրենք որոշել են այլևս չլռել և դիմել Սերժ Սարգսյանին իրենց վիճակը թեթևացնելու խնդրանքվ: Նամակի հեղինակները պնդում են, որ իրենց տնօրենը աշխատում է նախագահակամում և նշում են Վարուժան Գրիգորյանի անունը, որը նախագահականի գործերի կառավարիչն է։ Հեղինակները նաև խնդրում են հասկանալի պատճառով չհրապարակել իրենց անունները։ Քանի որ նամակի բովանդակությունը մեզ թվում է խիստ արժանահավատ, iLur.am-ը որոշեց հրապարակել նամակը.

 

««Փեթակ» տոնավաճառի աշխատակիցների նամակը Սերժ Սարգսյանին

«Ետևում մնացին նախագահական ընտրությունները  և իհարկե մենք էլ բոլորի նման անցել ենք ամենօրյա մեր աշխատանքին: Ձեր նախընտրական ծրագրերում շատ լավ և խոստումնալից կարգախոսներ կային և դրանց մեջ, իհարկե «ապահով Հայաստան»  կառուցելու Ձեր պատրաստակամությունը, սակայն խնդրում ենք պարզաբանել թէ ում համար եք Դուք պատրաստվում ապահով Հայաստան կառուցել — մեզ `սովորական աշխատավորներիս – (այսինքը ժողովրդի 99 տոկոսի համար), թէ մեր տնօրեն Վարուժան Գրիգորյանի նման մեծահարուստների- (այսինքը ժողովրդի մեկ տոկոսի համար):

Բանը նրանում է, որ մենք` «Փեթակ» տոնավաճառի ավելի քան քառասուն աշխատակիցներս մեր տնօրեն Վարուժան Գրիգորյանի հանձնարարությամբ եկել և միաձայն ընտրել ենք Ձեզ, սակայն նա իր դեռ իր տված հին խոստումները  դեռ չկատարած հիմա էլ նորից  ուզում է ոչխարի հոտի նման մեզ քշել քաղաքապետի ընտրություններին մասնակցելու և Տարոն Մարգարյանին ձայն տալու համար, մոռանալով որ դեռ նախագահական ընտրություններից խոստացածները չի կատարել: Իհարկե նրա այդ գործելաոճին վաղուց էինք ծանոթ, բայց չէինք սպասում որ այս անգամ էլ կխոստանա ու կխափի:

Բանը նրանում է, որ մենք` գրեթե քառասուն մարդով – բեռնակիրներ, ավտոկանգառի հսկիչներ, հավաքարարներ, սանտեխնիկներ և այլ աշխատակիցներ, աշխատելով «Փեթակ»-ում փաստացի գտնվում ենք ճորտի կարգավիճակում և քանի, դեռ մեր ղեկավարը Ձեր աշխատակիցն է այդպես էլ մնալու ենք ճորտի կարգավիճակում` զրկված «ապահով ծերություն» ունենալու տարրական իրավունքից, քանի որ ոչ ոք չի համարձակվում խառնվել “Փեթակի” գործերին: Վիճակը կարող եք անձամբ Դուք շտկել և մեզ այդ վիճակից ազատագրելու քայլեր անել, քանի որ ինչպես նշեցինք, ուրիշ ոչ մեկը չի համարձակվելու նախագահի պալատում աշխատող պաշտոնյայի  նկատմամբ  գործողություններ անել:

Խնդիրը նրանում է, որ  մեզնից ոչ մեկը որպես աշխատակից ձևակերպված չէ: Կան մարդիք, որոնք « Փեթակ »-ում  աշխատում են հենց հիմնադրման օրից և առ այսօր որևիցե ձևով ձևակերպված չեն: Երկար ժամանակ մենք ուրախանում էինք երբ Գրիգորյանն  ասում էր «գնացեք  արխային  աշխատեք — ոչ հարկայինը, ոչ մաքսայինը ոչ էլ շեստոյը իրավունք չունեն  մտնեն  «Փեթակը» ստուգեն» , սակայն հետագայում հասկացանք, որ դա ոչ թէ մեր օգտին է այլ հսկայական վնաս է մեզ:  Իրականում, որպես գործատու, մեր փոխարեն հարկերը պետք է վճարեր «Փեթակ» -ը և եթե մենք օրինական ձևակերպված լինեինք միևնույն է պետք է ստանայինք այն նույն չափի գումարը, ինչ որ ստացել ենք առանց ձևակերպված լինելու: Պարզապես, այդ դեպքում մենք էլ կկարողանաինք մարդավայել թոշակի գնալ, կամ հիվանդության նպաստ ստանալ կամ ապառիկ եղանակով ապրանք ձեռք բերել խանութից, կամ բանկից վարկ վերցնել: Հիմա մենք այդ բոլորից զրկված ենք: Երբ ընթացքում այդ հարցով դիմողներ էին լինում  Գրիգորյան Վարուժին, նրա պատասխանը հետևյալն էր- «Սա իմ սեփական հիմնարկն է և ով չի ուզում, ում ձեռ չի տալիս թող ս… լինի ստեղից: Ինչ կարող էս ասել: Մարդը ձեռքն է գցել այս յուղոտ պատառը ու սեփականացրել, իսկ թոշակի գնացող աշխատակիցներին էլ ասում է «դուրներտ չի գալիս ս… եղեք այստեղից»: Առավել համառներին , իսկապես ազատում էին աշխատանքից , իսկ մյուսներն էլ տեսնելով աշխատանքից ազատվածներին , այլևս չէին համարձակվում ձայն հանել:  Վիճակը ավելի բարդացավ երբ Գրիգորյան Վարուժանը դարձավ Ձեր պալատի աշխատող: Հիմա «Փեթակ» –ի տնօրեն է նշանակել մի անկապ մարդու, (որը իր ասելով անհրաժեշտության դեպքում պետք է իր փոխարեն բանտ նստի) և «Փեթակ»-ը շարունակվում է ղեկավարվել, ավելի անմարդկային և ճորտատիրական եղանակներով:

Այս նամակը Ձեզ ենք ուղղում  լրատվամիջոցների միջոցով` բաց նամակի տեսքով և հաշվի առնելով որ մատնությունը «Փեթակ ում» շատ հարգի երևույթ է, չենք կարող համաձայնվել, որ մեր անունները հայտնի դառնան մեզ նսեմացնողին , ուստի խնդրելու ենք լրատվամիջոցներին մեր անունները չհրապարակել նամակի տակ: Խնդրւմ ենք կարգադրեք որ նա մեզ սահմանված ձևով ձևակերպի որպես նորմալ աշխատակիցներ, դրանից բխող հետևանքներով և ոչ մեկին չազատի աշխատանքից այս նամակի պատճառով:

Հարգանքներով « Փեթակ» տոնավաճառի աշխատակիցներ»:

Նախորդ հոդվածը‘ՀՅԴ-ին Ավանում դիմավորեց Տարոն Մարգարյանը, «Բարև Երևան»-ի քարոզարշավն էլ խոչընդոտեցին ՀՀԿ-ականները (տեսանյութեր)’
Հաջորդ հոդվածը‘Կարեն Շահնազարովի գնահատմամբ` «Հայակը» հավակնում է իր կայուն տեղն ունենալ ԱՊՀ տարածքում (անվանակարգեր և հայտեր)’