‘Շաբաթվա անցուդարձ. Ամփոփում ‘

1415

Ամփոփելով անցած շաբաթը՝ նախեւառաջ, պետք է ուշադրություն դարձնենք ԼՂՀ հիմնախնդրի վերաբերյալ տեղի ունեցած տարբեր հայտարարություններին:
Երկուշաբթի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին անդրադարձավ ԵԱՀԿ  Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Հոկտեմբեր 27-ին Փարիզում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպման առիթով նա հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ՝ ասելով,  թե «Սարգսյանը և Ալիևը միմյանց պարզ հասկացրել են, որ եկել է հաշտության ժամանակը»: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ֆրանսիայի նախագահ Օլանդը նշել էր, որ ղարաբաղյան հակամարտության գոտում առկա ստատուս-քվոն հուսալի չէ: Նա երկու երկրների ղեկավարներին կոչ է արել քաղաքական կամք դրսևորել, մի կողմ թողնել հակասությունները և հայ ու ադրբեջանցի հասարակություններին նախապատրաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հաշտության մեծ համաձայնագրի ստորագրման: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ անհրաժեշտ է շարունակել աշխատանքն այն հարցերի շուրջ, որոնք դեռ համաձայնեցված չեն: Հատկանշական է, որ հաշտության մեծ պայմանագրի ստորագրման մասին, միջնորդների խոսք բացելուն պես, Ադրբեջանի ԱԳՆ-ն անմիջապես հայտարարել է, թե «Բանակցությունների կարևոր պայման է հայկական զորքերի դուրս բերումն օկուպացված տարածքներից, և միջնորդները դրան համաձայն են»: Դրան ի պատասխան՝ նոյեմբերի 3-ին Հայասատանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Երեւանում գտնվող Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում, խոսել էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման վերաբերյալ՝ մասնավորապես հայտարարելով, թե «Անտեսել այդ իրավունքը նույնն  է` ինչ էվոլյուցիային ընդդիմանալը»: Իր հերթին, Լիդինգթոնը անհանգստություն էր հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում մարդկային կորուստների առիթով: Նա նշել էր նաեւ, որ հայ-թուրքական արձանագրություններն անհապաղ պետք է իրագործվեն: Նույն Լիդինգթոնը արդեն նոյեմբերի 6-ին Բաքվում ադրբեջանցի ուսանողների հետ հանդիպմանը ասել էր, որ Միացյալ Թագավորությունն արդեն 2 մլն եվրո է տրամադրել կողմերին, իսկ եւս 6 մլն կտրամադրի Եվրամիությունը` հակամարտող կողմերի հասարակությունների միջև շփումների հաստատման ծրագրերի իրականացման նպատակով: Վերջապես, Լիդինգթոնը Բաքվում հայտարարել է, որ «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի 2007 թ. Մադրիդյան սկզբունքների շրջանակներում, որոնք ենթադրում են Լեռնային Ղարաբաղի շրջակա «օկուպացված տարածքների» վերադարձ, փախստականների` իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում` իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով, իսկ մինչ այդ՝ Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրում, որն առնվազն կապահովի վերջինիս անվտանգությունը և ինքնավարությունը»: Այնուհետև բրիտանացի նախարարն ընդգծել էր, թե պետք է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև Լաչինով ցամքային միջանցք ապահովվի: Ըստ որում՝ նա ընդգծել է, որ ամբողջ Լաչինի շրջանը չի կարող գտնվել հայկական կողմի վերահսկողության ներքո:

Ռեժիմի նախաձեռնած Սահմանադրական բարեփոխումների մասին բավականին զգուշավոր կարծիք հայտնեց Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, ում խոսքերով՝ «Ընդդիմությունը բավական հիմնավոր պատճառներով է քննադատել սահմանադրական փոփոխությունները», սակայն Վենետիկի հանձնաժողովը՝ որպես դրսի դիտարկող, ավելի շատ հակված է կարդալու տեքստերը, այլ ոչ այն, ինչ թաքնված է տեքստերի հետևում:

Փորձելով «ճիշտ հանել» Սերժ Սարգսյանին, ով Պրահայում  շաքարի ներմուծման մասին ասել էր՝ «Բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն», ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երեքշաբթի լրագրողների հետ զրույցում նորից հաստատեց, որ շաքարավազի շուկայի մեծ մասը` մոտ 99 տոկոսը պատկանում է «Ալեքս Գրիգ» ընկերությանը՝ պնդելով, սակայն, թե կան նաև փոքր ներկրող ընկերություններ, իսկ հետո էլ հավելեց, որ շուկայում շաքարավազի մենաշնորհը օբյեկտիվ երևույթ է: Արձագանքելով Շաբոյանի հայտարարությանը՝ Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը վստահեցրեց, որ «Սամվել Ալեքսանյանի մենաշնորհը պայմանավորված չէ նրանով, որ մեր շուկան փոքր է, Սամվել Ալեքսանյանի մենաշնորհը պայմանավորված է նրանով, որ իշխանությունն է այդպես ցանկանում»: Իսկ գյուղատնտեսության նախարարության, մեղմ ասած՝ բավականին զավեշտալի մեկնաբանությունը, թե իբր ձուն թանկացել է, քանի որ վաճառվող ձվի չափն է մեծացել, Խաչատրյանը որակեց որպես մեր պաշտոնյանների անսահման երեւակայության արդյունք:

Հղիության նպաստների հարցում այս շաբաթ կառավարությունը գնաց զիջումների, հետևաբար՝ «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքի աղմկահարույց փոփոխությունները դեռեւս չեն ընդունվի: Այդ կապակցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Կարապետյանն էլ, հարցազրույց տալով  «Հրապարակ»-ին, ընդդմիացել էր կառավարությանը՝ հայտարարելով, թե ««Ատկատների» համար փող կա, ճոխությունների համար կա, իսկ մայրության նպաստների համար չկա՞»:

ԱԺ-ում Հայաստանի 2015 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումների ընթացքում հայտնի դարձավ, որ Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 40 մլն դոլարի վարկ, որը կուղղվի Հայաստանի էներգետիկ ենթակայանների արդիականացմանը: Ստորագրվել է ԵՄ կողմից 2014-2017թթ. Հայաստանին տրամադրվելիք աջակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, որտեղ ամրագրված է, որ ԵՄ-ն 2014-2017թթ. Հայաստանին կհատկացնի շուրջ 140-170 մլն եվրո գումար՝ կողմերի միջև նախկինում համաձայնեցված երեք ուղղություններով` մասնավոր հատվածի զարգացում, պետական կառավարման և արդարադատության ոլորտի բարեփոխումներ, ինչպես նաև «Աջակցություն գյուղատնտեսությանն ու գյուղական զարգացմանը» ԵՄ բյուջետային աջակցության 2013թ. ֆինանսավորման համաձայնագիրը, որի շրջանակներում ԵՄ-ն ՀՀ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը կհատկացնի շուրջ 25 մլն եվրոյի աջակցություն:
Այս ամենին զուգահեռ՝ նախորդ շաբաթ հրապարակվեցին վարկանիշային տվյալներ, համաձայն որոնց՝ Հայաստանը 95-րդ տեղն է  զբաղեցրել աշխարհի երկրների բարեկեցության` Legatum Institute-ի կազմած 2014 թ. վարկանիշում (2014 Prosperity Index), իսկ աշխարհի թշվառ երկրների համաշխարհային վարկանիշում՝ 10-րդ հորիզոնականը: Այս մասին են վկայում ամերիկյան հետազոտական Կատո ինստիտուտի (Cato Institute) կայքում հրապարակված «Աշխարհի թշվառ երկրներ» 2013թ. վարկանիշի տվյալները: Որոշ թվեր, որ հայտնի դարձան ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցի հրապարակումից, իհարկե, մասամբ հաստատում են այս վարկանիշները: Այսպես,Կոնյակի արտադրությունը Հայաստանում 2014 թվականի հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել է 9%, մինչև 12 012.4 հազար լիտր: 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել է 12,4%-ով՝ մինչև 7548.9 հազար տոննա:

Նոյեմբերի 5-ին, ի պաշտպանություն քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի եւ նրա համախոհների, տեղի ունեցավ  անոնիմուսների երթը, ինչի ընթացքում ոստիկանությունը բերման ենթարկեց շուրջ 10 մասնակիցների: Նույն օրը  քաղբանտարկյալներ «Շանթ Հարությունյանի և ընկերների գործով» դատապարտված Տիգրան Պետրոսյանը, նրան նշանակված պատժի ժամկետը լրանալու արդյունքում, ազատ արձակվեց:

Մարտիմեկյան սպանդի զոհերի հարազատներն ու ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նոյեմբերի 5-ին գլխավոր դատախազությունում հանդիպել են գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ: Հանդիպումը նախաձեռնել են զոհերի հարազատները, իսկ պատճառը նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հայտարարությունն էր, թե իբր մարտի 1-ի մասով բոլոր բացահայտումներն արվել են, իսկ եթե կան էլ խոչընդոտներ, ապա դրանք զոհերի հարազատներն են ստեղծում: Ծնողները հանդիպումից գոհ էին, երիտասարդ դատախազի խոստումներն էլ իրականություն կդառնան թե ոչ՝ ցույց կտա ժամանակը, իսկ Արամ Մանուկյանի խոսքով՝ ամբողջությամբ գործը բացահայտելու համար պետք է իշխանափոխություն լինի:

Նոյեմբերի 6-ին  կառավարության նիստի սկզբում Հովիկ Աբրահամյանը առաջարկել էր փոփոխություններ իրականացնել Կառավարության կառուցվածքի մեջ և միավորել Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունները: Նա նաև առաջարկել է ստեղծել Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն: «Մենք պետք է աստիճանաբար օպտիմիզացնենք կառավարման համակարգը, որովհետև 19 նախարարությունը Հայաստանի համար շատ է, քայլեր ենք կատարելու դրանց վերամիավորման համար: Դա արդյունավետ է մի քանի առումներով՝ վարչարարության, ֆինանսական միջոցների տնտեսման և , ամենակարևորը, աշխատանքի արդյունավետության: Եվ արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարությունը մենք ապագայում տեսնում ենք, որ լինի ներքին գործերի նախարարություն, ինչպես բազմաթիվ եվրոպական երկրներում: Դրա մեջ կմտնեն բազմաթիվ ծառայություններ, դա ճիշտ է, արդյունավետ է, և դա է ցույց տալիս աշխարհի փորձը»,- ասել էր Հովիկ Աբրահամյանը:

Եւ ներքաղաքական կարեւոր լուրերից. կայացավ ԲՀԿ քաղխորհրդի նիստը, որտեղ «Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ» ձևավորելու և դրանց կառուցվածքային և կազմակերպական լուծումներ տալու մասին որոշումներն են կայացվել: Նոյեմբերի 6-ին ԲՀԿ քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանը, եւս մեկ անգամ կարեւորելով անհապաղ «Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ» ձևավորելու հարցը, շեշտել էր. Մենք իրավունք չունենք ժողովրդին հուսախաբ անելու»:

Նախորդ հոդվածը‘Ինտերպոլն առաջին անգամ գերմանացի ղեկավար ունի’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Այսօր այլ իրավիճակ է ստեղծվել’